Կատակերգություն
Կատակերգություն, կոմեդիա (հին հունարեն՝ κωμῳδία), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ։ Կատակերգությունը Արիստոտելի սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում։ Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...» («Պոետիկա», գլուխ 5)։ Առաջացել է Հին Հունաստանում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա։ Իբրև գրական ժանր կատակերգությունը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, «կոմեդիայի հայր» Արիստոֆանեսի, ապա նաև Մենանդրոսի ստեղծագործության մեջ։ Հին Հռոմում կատակերգության ժանրը կիրառել են Պլավտուսը, Տերենցիուսը և ուրիշներ։ Միջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձեով։ Վերածննդի դարաշրջանում և հետագայում կատակերգություններ են գրել Իտալիայում՝ Լոդովիկո Արիոստոն, Նիկոլո Մաքիավելին, Պիետրո Արետինոն, Կառլո Գոլդոնին, Անգլիայում՝ Ուիլյամ Շեքսպիրը, Բ. Ջոնսոնը, Ռիչարդ Շերիդանը, Ուիլյամ Կոնգրիվը, Օսկար Ուայլդը, Բերնարդ Շոուն, Իսպանիայում՝ Լոպե դե Վեգան, Ֆրանսիայում՝ Ժան Բատիստ Մոլիերը, Պիեռ Օգյուստեն Բոմարշեն, Ռուսաստանում՝ Դենիս Ֆոնվիզինը, Ալեքսանդր Գրիբոյեդովը, Նիկոլայ Գոգոլը, Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը, Ալեքսանդր Օստրովսկին, Անտոն Չեխովը, խորհրդային շրջանում՝ Վլադիմիր Մայակովսկին, Եվգենի Շվարցը, Ալեքսանդր Կոռնեյչուկը, Ա. Սաֆրոնովը և ուրիշներ։ Կատակերգությունը կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից՝ հաճախ հիմք ընդունելով որեէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն։ Կատակերգության համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը։ Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը։ Կատակերգության բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով։ Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ։ Հայ միջնադարյան բնագրերում կատակերգություն բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ (առակ, աշխարհիկ զրույց, աշխարհիկ վիպական երգ), ժողովրդական բանահյուսություն, նաև՝ թատրոն («զկատականաց նուագել խօսս»)։ Թատրոնի պատմության նոր շրջանում կատակերգության հասկացությունը համապատասխանեցվել է իտալերեն «commedia»-ին և ընդունվել որպես դրամատուրգիական-թատերական տեսակի անվանում։ 19-րդ դարի հայ իրականության մեջ կատակերգությունը որպես գրական-թատերական ժանր զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուղինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը։ Գրվել են վոդևիլներ՝ փոքր ծավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կենցաղային պատմությունը, ի վերջո, բարեհաջող լուծում էր ստանում։ Վոդևիլներ է գրել նաև Գաբրիել Սունդուկյանը, հետագայում անցել լիարժեք կատակերգության, որի մեջ կյանքի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակների և հոգեկան ապրումների հետ («Պեպո», «Խաթաբալա», «էլի մեկ զոհ» և այլն)։ Հայկական կատակերգության ուշագրավ արտահայտություններից են Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը և մյուս պիեսները։ Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում կատակերգությունը, կարևոր տեղ է գրավել (Եղիշե Չարենցի, «Կապկազ-թամաշա», Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»)։ Հետագայում ևս կատակերգությունը շարունակել է մնալ սովետահայ թատրոնի տարածված ժանրերից մեկը, հայտնի են Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Արամաշոտ Պապայանի, Գրիգոր Տեր-Գրիգորյանի և ուրիշների սոցիալական ու կենցաղային կատակերգությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 284)։ |