Օստեոարթրոզ
Օստեոարթրոզ | |
---|---|
Տեսակ | ոսկրային հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | հոդաբորբ[1] |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն, օրթոպեդիա և ռևմատոլոգիա |
ՀՄԴ-9 | 715715 |
ՀՄԴ-10 | M15, M19 և M47 |
Osteoarthritis Վիքիպահեստում |
Օստեոարթրոզը կամ օստեոարթրիտը (հայերեն կիրառում են նաև՝ ոսկրահոդախտ կամ ոսկրահոդաբորբ անվանումները)[2], հոդաբորբերի շարքին դասվող հիվանդություններից մեկը, որն առաջանում է հոդաճառի և ենթաճառային ոսկրի քայքայումից[3]։ Ամենահաճախ ախտահարվում են ձեռքերի մատների ծայրերի հոդերը, բթամատի հիմային հոդը, պարանոցը, գոտկատեղը, ծնկան և կոնքազդրային (ԿԱՀ) հոդերը։ Հաճախ ախտահարվում են միայն մի կողմի հոդերը։ Հիմնական ախտանշաններն են հոդացավերը և հոդերի կարկամությունը։ Սկզբում դրանք ի հայտ են գալիս միայն ծանրաբեռնվածությունից հետո, սակայն ժամանակի հետ կարող են դառնալ մշտական։ Այլ ախտանշաններից են հոդերի այտուցվածությունը, շարժումների ծավալի կրճատումը, իսկ ողնաշարի ախտահարման դեպքում՝ ոտքերի և /կամ ձեռքերի թմրածությունը և /կամ թուլությունը։ Սովորաբար խնդիրներն ի հայտ են գալիս տարիների ընթացքում։ Օստեոարթրոզը կարող է խաթարել աշխատունակությունը և առօրյա գործունեությունը։ Ի տարբերություն այլ հոդաբորբերի` օստեոարթրոզի դեպքում ախտահարվում են միայն հոդերը՝ առանց հարակա հյուսվածքների ներգրավման[4]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստեոարթրոզի առաջնային պատճառը համարվում է հոդերի մեխանիկական լարվածությամբ հարուցված վնասումը և աճառի անբավարար ինքնավերականգնումը։ Այս լարվածության աղբյուր կարող է հանդիսանալ ոսկրերի բնածին կամ ախտածին թերհամադրումը, մեխանիկական վնասվածքը, մարմնի ավելորդ քաշը, հոդը պահող մկանների թուլացումը, նյարդերի վնասումը[5]։ Ինչևէ, վարժությունները, ներառյալ վազքը, վնասվածքի բացակայության պայմաններում չեն մեծացնում օստեոարթրոզի զարգացման վտանգը[6]։
Մատները ճտացնել
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատների օստեոարթրոզի զարգացման մեջ այս երևույթի դերի մասին կարծիքներն ու տվյալները հակասական են։ Եթե նախկինում պնդում էին, որ մատները «չռթացնելը» կամ «ճտացնելը» դեր չի խաղում օստեոարթրոզի զարգացման մեջ[7], ապա վերջերս կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մատների հոդերի սովորութային ճտացնելը ժամանակի ընթացքում հանգեցնում է հոդաճառների հաստացման (աճառի այտուցի), ինչը դիտարկվում է որպես մատների հոդաբորբի (օստեոարթրոզի) վաղ նշան և հետագայում կարող է կապված լինել օստեոարթրոզի բարձր ռիսկի հետ[8]։
Օստեոարթրոզը բաժանում են 2 հիմնական խմբերի։ Առաջնային (իդիոպաթիկ) օստեոարթրոզն առաջանում է առանց որևէ նպաստող գործոնի։ Երկրորդային օստեոարթրոզն առաջանում է որևէ նպաստող գործոնի ազդեցության տակ։
Առաջնային օստեոարթրոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտությունները ցույց են տվել, որ օստեոարթրոզն ավելի շատ հանդիպում է առաջին կարգի հարազատների (քույր-եղբայր) և հատկապես զույգերի շրջանում՝ վկայելով ժառանգական հենքի մասին[9]։ Օստեոարթրոզի զարգացումը ուղիղ համեմատական է նախկինում տարած հոդային վնասումների և գիրության հետ, հատկապես ծնկահոդերի դեպքում[10]։ Սակայն պարզվել է, որ օստեոարթրոզի զարգացման գործում ավելի որոշիչ է ոչ թե ավելորդ քաշը, այլ ավելորդ ճարպը[11]։
Օստեոարթրոզի զարգացման գործում դեր են խաղում նաև սեռական հորմոնների մակարդակների տատանումները, քանի որ այն ավելի հաճախ հանդիպում է հետդաշտանադադարային կանանց մոտ[12][13]։
Երկրորդային օստեոարթրոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդային օստեոարթրոզ կարող է զարգանալ հետևյալ հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների դեպքում.
- Ալկապտոնուրիա
- Հոդերի բնածին ախտահարումներ
- Շաքարային դիաբետ
- Էհլերս-Դանլոսի համախտանիշ
- Հեմոքրոմատոզ և Վիլսոնի հիվանդություն
- Բորբոքային հիվանդություններ (օրինակ՝ Պերտեսի հիվանդություն, Լայմի հիվանդություն) հոդաբորբի բոլոր քրոնիկական ձևերը (օրինակ՝ կոստոխոնդրիտ, հոդատապ, ռևմատոիդ արթրիտ)
- Հոդերի կամ կապանների վնասվածքներ վթարի կամ օրթոպեդիկ վիրահատության հետևանքով
- Կապանային անկայունություն կամ անբավարարություն
- Մարֆանի համախտանիշ
- Գիրություն
- Սեպտիկ արթրիտ՝ հոդի ինֆեկցիա։
Ռիսկի գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են օստեոարթրոզի բազմաթիվ ռիսկի գործոններ, որոնցից ամենագլխավորը թերևս տարիքն է։ Հազվադեպ հանդիպող, բայց կարևոր ռիսկի գործոն է համարվում II տիպի նախակոլագենի գենում կետային մուտացիան ախոնդրոպլազիայով և վաղաժամ օստեոարթրոզով երիտասարդ հիվանդների մոտ։ Համաճարակաբանական տվյալները ցույց են տալիս, որ իդիոպաթիկ օստեոարթրոզի զարգացման մեջ դեր ունի ժառանգական գործոնը։ Հեբերդենի հանգուցիկները աուտոսոմ-դոմինանտ կերպով փոխանցվում են կանանց շրջանում։ Տղամարդկանց մոտ Հեբերդենի հանգուցիկները աուտոսոմ-ռեցեսիվ են։ Դրանք կարող են համարվել օստեոարթրոզի հորմոնային բաղադրիչը, և փոխարինող թերապիան էստրոգեններով կարող է ընկճել այս հանգուցիկների զարգացումը հետդաշտանադադարային շրջանի կանանց մոտ։
Վնասվածքը (հատկապես մենիսկների, ծնկան խաչաձև և համակողմնային (կոլատերալ) կապանների վնասվածքները, ինչպես նաև հոդերն ընդգրկող կոտրվածքները) երկրորդային օստեոարթրոզի ռիսկի գործոն է։ Մասնագիտական վնասվածքը որպես օստեոարթրոզի ռիսկի գործոն ավելի քիչ դեր ունի, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օստեոարթրոզը հաճախ առաջանում է մուրճով աշխատողների (նախաբազուկ, արմունկ, դաստակ), փորողների (ծունկը), հատակ շարողների, շինարարների, հողագործների (ԿԱՀ), բամբակ հավաքողների (մատներ) մոտ։
Գիրությունը համարվում է ծնկահոդի օստեոարթրոզի ռիսկի գործոն։ Վիտամին D3-ի պակասը խորացնում է ծնկահոդի օստեոարթրոզը, իսկ 25-OH-D3-ի պակասը հանգեցնում է ԿԱՀ-ի օստեոարթրոզի ռադիոգրաֆիկ առաջխաղացման։
Ախտածագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստեոարթրոզը հոդերի դեգեներատիվ հիվանդություն է, որը կարող է հանգեցնել աճառի զգալի կորստի և հոդի այլ բաղադրիչների լուրջ վնասման։ Սակայն մինչ այդ՝ օստեոարթրոզի ավելի վաղ շրջաններում, հոդաճառում տեղի են ունենում նուրբ կենսաքիմիական տեղաշարժեր։ Առողջ աճառի ջրի պարունակությունը հավասարակշռված վիճակում է պահվում կոլագենային թելիկների ճզմոզ ուժի և պրոտեոգլիկանների օսմոտիկ (ներծծող) ճնշման փոխհարաբերության շնորհիվ[14]։
Օստեոարթրոզի սկզբնական շրջանում կոլագենային մատրիքսը դառնում է ավելի փուխր, իսկ պրոտեոգլիկանների քանակը նվազում է՝ հանգեցնելով հոդաճառում ջրի կուտակման և աճառի քայքայման[15]։ Այդ քայքայման արգասիքներն անցնում են ձուսպահեղուկի (սինովիալ հեղուկի) մեջ, իսկ հոդապարկի ներքին շերտի բջիջները փորձում են կլանել և հեռացնել դրանք, ինչի արդյունքում ի հայտ է գալիս նաև հոդապարկի բորբոքում։ Հետագայում հոդերի եզրերին կարող են ձևավորվել օստեոֆիտներ («փշեր»)։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի բնակչության մոտ 3.6%-ն ունի ծնկահոդի օստեոարթրոզ (մոտ 250 միլիոն մարդ)[16]։ 65-ն անց մարդկանց 80%-ն ունի օստեոարթրոզի որևէ ռենտգենաբանական նշան, սակայն միայն 60%-ն են ունենում օստեոարթրոզի ախտանշաններ[17]։ Հաշմանդամության պատճառների ցուցակում օստեոարթրոզը զբաղեցնում է առաջին տեղը և հասցնում է ամենամեծ տնտեսական վնասը[18]։
Կլինիկական պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստեոարթրոզի ժամանակ հիմնականում ախտահարվում են ձեռքի մերձադիր և հեռադիր միջմատոսկրային, I դաստակ-նախադաստակային (բթամատի հիմային), ԿԱՀ, ծնկան հոդերը, ինչպես նաև ողնաշարի պարանոցային ու գոտկային հատվածները։ Հոդերն հիմնականում ախտահարվում են անհամաչափորեն։
Օստեոարթրոզի հիմնական ախտանիշը ցավն է։ Սկզբում այն առաջանում է շարժումների, ծանրաբեռնվածության ժամանակ և դադարում հանգիստ վիճակում։ Քանի որ հոդաճառը չունի նյարդեր, ցավի աղբյուրն ենթաճառային ոսկրն է, ձուսպաթաղանթը, հոդաշապիկը, կապաններն ու մկանները։ Ակտիվ-պասիվ շարժումներն առաջացնում են ցավ, և շարժման ժամանակ կարելի է լսել կամ շոշափել ճարճատյուն (կրեպիտացիա)։
Մյուս հիմնական ախտանիշն առավոտյան կարկամությունն է, որը կարող է տևել մինչև 20 րոպե։ Հանգստից հետո որոշ հիվանդներ նշում են անցողիկ կարկամություն՝ “ժելի ֆենոմեն”, որը ևս տևում է մինչև 20 րոպե, ի տարբերություն ռևմատոիդ արթրիտի, երբ այդ ֆենոմենը տևում է մի քանի ժամ։
Օստեոարթրոզի ժամանակ չի նկատվում մարմնի ջերմության բարձրացում, քաշի կորուստ, ախորժակի անկում, մկանների ատրոֆիա և հոդերի համաչափ ախտահարում։
Հիվանդության առաջընթացին զուգահեռ կրճատվում է շարժումների ծավալը և քանակությունը` հոդամակերեսների հարաճուն անհամապատասխանության պատճառով։ Շարժումների ծավալի կրճատման մյուս պատճառներն են մկանների լարվածությունը և կոնտրակտուրան, հոդաշապկի կոնտրակտուրան, ինչպես նաև մեխանիկական դժվարությունները` կապված օստեոֆիտների և հոդախոռոչում աճառի պոկված կտորների առկայության հետ։ Ցավ, շարժումների սահմանափակում և հոդաշապկի ձգում կարող է հարուցել նաև ավելորդ ձուսպահեղուկի կուտակումը։ Հիվանդության խորացման հետ զարգանում են ենթահոդախախտեր և ձևախախտումներ (դեֆորմացիաներ)։
Հեբերդենի հանգուցիկները հեռադիր միջմատոսկրային հոդերի (մատների ծայրային հոդերի) շրջանում տեղակայված ոսկրային գոյացություններ են։ Հանգույցի կողքը կարող են գոյանալ դոնդողանման կիստաներ։
Նույն տիպի ոսկրային գոյացություններ առաջանում են նաև մերձադիր միջմատոսկրային հոդերի շրջանում՝ Բուշարի հանգուցիկներ։ Հանգուցիկներն ավելի հաճախ առաջանում են 45-ն անց կանանց մոտ։ Ընդ որում, դրանց զարգացման գործում մեծ դեր ունի ժառանգականությունը։ Հանգուցիկները, որպես կանոն, չեն անհանգստացնում, սակայն երբեմն կարող են բորբոքվել և ցավոտ լինել։
Ձեռքի բթամատի հիմային հոդի օստեոարթրոզը (հայտնի է նաև «ռիզարթրոզ» անվանմամբ) սահմանափակում է դաստակի ու բութ մատի օգտագործումը։ Հաճախ այդ հոդում տեղի է ունենում ենթահոդախախտ, որի հետևանքով դաստակն ընդունում է քառակուսի տեսք։
Ոտնաթաթի վրա հաճախ ախտահարվում Է ոտքի բթամատի նախագարշապար-մատոսկրային հոդը (ԲՆԳՄՀ)։ Բունիոնը («կոճը», Hallux valgus) ԲՆԳՄՀ-ի շրջանում ցավ է առաջացնում՝ հարուցելով ոտնաթաթի լայնացում։ Կարող է նաև առաջանալ, այսպես կոչված, ռիգիդ բթամատ, որը սահմանափակում է շարժումները և դժվարացնում քայլելը։ Հաճախ նման հիվանդը գտնում է, որ պետք է գնի նոր, ավելի լայն կոշիկներ, որպեսզի հարմարվի դեֆորմացիային։ Հաճախ ցավը մեղմելու համար արդյունավետ է ԲՆԳՄՀ-ի տակ բարձիկ տեղադրելը։
Կոնքազդրային հոդի օստեոարթրոզն (կոքսարթրոզ) ավելի հաճախ ախտահարում է տղամարդկանց։ Սովորաբար այն լինում է միակողմանի, որի հետևանքով առաջանում է յուրահատուկ կաղ քայլվածք։ Երբեմն ցավն ազդրի շրջանում կապված է լինում ծնկահոդի ախտահարման հետ։
Օստեոարթրոզի համար շատ բնորոշ է ծնկահոդի ախտահարումը (գոնարթրոզ)։ Ծնկոսկր-ազդրային հոդի օստեոարթրոզի ժամանակ հիվանդը գանգատվում է աստիճաններով բարձրանալու դժվարությունից։
-
Հեբերդենի հանգուցիկներ
-
Բուշարի հանգուցիկներ
-
Բթամատի հիմային հոդի օստեոարթրոզ («ռիզարթրոզ»)
-
Hallux valgus
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնպիսի հետազոտություններն, ինչպիսիք են արյան և մեզի ընդհանուր քննությունը, արյան կենսաքիմիական քննությունը, ինչպես նաև հատուկ քննությունները, որոնցից են ռևմատոիդ գործոնի (ՌԳ), հակակորիզային հակամարմինների (ՀԿՀ), վահանագեղձի ֆունկցիայի որոշման թեստերը, օստեոարթրոզի ժամանակ լինում են տարիքային նորմի սահմաններում, բայց շատ կարևոր են օստեոարթրոզն այլ հիվանդություններից տարբերակելու համար։ Այնուամենայնիվ, հաճախ մեծահասակների մոտ ՌԳ-ի, ՀԿՀ-ի առկայությունն արտացոլող թեստերը դրական են լինում առանց որևէ հիվանդության։ Ճիշտ ախտորոշման հիմնական բաղադրիչներն են անամնեզն (հիվանդության պատմությունը) ու կլինիկական պատկերը։ Արտահայտված օստեոարթրոզի ժամանակ հոդի ձուսպահեղուկը ենթակա է քննության։
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում աճառի քայքայման արգասիքների հայտնաբերման հետազոտությունը, քանի որ դրանց շուտ հայտնաբերումը օգնում է հետագայում շուտ ախտորոշել և բուժել օստեոարթրոզը։ Կարելի է հայտնաբերել միջբջջային նյութի բաղադրիչներ (պրոտեոգլիկաններ, կոլագեն, ոչ կոլագենային սպիտակուցներ, պրոտեոլիտիկ ֆերմենտներ և այլն)։
Ռենտգենոգրաֆիան օստեոարթրոզի ախտորոշման “ոսկե ստանդարտն” է։ Գեր հիվանդներն անպայման պետք է ենթարկվեն ծնկահոդի և ԿԱՀ-ի ռենտգեն-հետազոտության։ Հոդաճեղքի նեղացումը հիմնականում առաջանում է հոդաճառի դեգեներացիայի և կորստի հետևանքով ցանկացած ախտածագման արթրիտից, հետևաբար օստեոարթրոզի սպեցիֆիկ նշան չէ։ Ավելի սպեցիֆիկ նշաններ են համարվում ենթաճառային սկլերոզի հետևանքով առաջացած ոսկրային հյուսվածքի գերխտությունը և ծայրային օստեոֆիտները։ Օստեոֆիտներն առաջանում են օստեոարթրոզի ուշ շրջանում։ Առաջանում են նաև ոսկրային կիստաներ, որոնք ռենտգեն-նկարի վրա երևում են որպես հարհոդային թափանցիկ տարածություններ։
Ողնաշարի հետազոտության համար օգտակար է մագնիսառեզոնանսային հետազոտությունը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը սկսելուց առաջ պետք է լրջորեն հետազոտել անամնեզը, անցյալում ստացած բուժումը, ֆիզիկական քննությունը։ Օստեոարթրոզով հիվանդները հիմնականում մեծահասակ են, ունեն ուղեկցող հիվանդություններ և հավանաբար ստանում են դեղամիջոցներ, որոնք կարող են փոխազդել օստեոարթրոզի բուժման համար նշանակված դեղերի հետ։ Ավելին, երբ բժիշկը վերջնականորեն գնահատում է հիվանդությունը, պետք է նաև հաշվի առնվեն այլ հիվանդությունների (օրինակ՝ քաղցկեղ, վահանագեղձի հիվանդություններ) առկայությունը, որոնք կարող են առաջացնել հոդացավ։
Բուժումն ուղղված է ցավի կարգավորմանը՝ բորբոքման նվազեցմամբ, ցավազրկմամբ և այլն։
Ոչ դեղորայքային բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ հաճախ հիվանդները, ում մոտ հայտնաբերվում է օստեոարթրոզ, կարծում են, թե հաշմանդամ են դարձել։ Ախտորոշումից հետո բժշկի առաջնահերթ պարտականությունը հիվանդի ուսուցումն է. հիվանդության պրոգնոզի քննարկումը շատ օգտակար է։
Ֆիզիոթերապիան ներառում է վարժություններ, ֆիզիկական միջոցառումներ (ուլտրաձայն, պարաֆինային լոգանքներ, սառցային փաթեթներ և այլն) և բեկակալներ (ֆիքսատորներ, օրթեզներ)։ Առաջին այցելության ժամանակ ֆիզիոթերապևտը պետք է բացատրի հիվանդին այդ մեթոդների օգտագործման կանոնները։
Վարժությունները, այդ թվում ֆիթնես-քայլքը, կարգավորում են շարժումների ծավալը և ուղեկցող մկանների աշխատանքը։ Քառագլուխ մկանն ուժեղացնող վարժությունները նվազեցնում են ցավն ու լավացնում հոդի ֆունկցիան ծնկահոդի օստեոարթրոզի ժամանակ։ Հիվանդը պառկում է մեջքի վրա՝ ոտքն ուղղած ծնկահոդում և ծալած սրունք-թաթային հոդում 90°, այնուհետև լարում է քառագլուխ մկանը՝ սեղմելով ծնկափոսը մահճակալին և պահում այդ վիճակում 10 վայրկյան։ Վարժությունը պետք է կրկնել իրար հետևից մոտ 10 անգամ, օրական 2 անգամ։ Մյուս վարժությունը. նույն դիրքում պառկած՝ հիվանդը բարձրացնում է հիվանդ ոտքը մահճակալից 20սմ բարձրության վրա և պահում այդ վիճակում 10 վայրկյան։ Վարժությունը պետք է կրկնել վերոնշյալ հաճախությամբ։ Լողը ևս համարվում է քառագլուխ մկանն ուժեղացնող վարժություն։
Եթե վարժությունը ցավ է պատճառում, ապա այն պետք է անմիջապես դադարեցնել։
Դիետա. Քաշի իջեցումը (հատկապես ավելորդ ճարպերի հեռացումը) համարվում է օստեոարթրոզի կանխարգելման ամենակարևոր ուղիներից մեկը։ Օստեոարթրոզով հիվանդների համար չկա սպեցիֆիկ դիետա։ Այնուամենայնիվ, նրանք պետք է ընդունեն լիարժեք, կալցիումով հարուստ սնունդ, հատկապես կանայք։ Դրա հետ միասին հիվանդները պետք է կարգավորեն մարմնի զանգվածը և պահեն խոլեստերինի մակարդակը 200մգ/դլ-ից ցածր։
Դեղորայքային բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ԱՄՆ Ռևմատոլոգիայի Քոլեջի՝ օստեոարթրոզի Բուժման և Ախտորոշման Ուղեցույցի, դեղորայքային բուժումը պետք է սկսել հասարակ ցավազրկողներից, օրինակ՝ ացետամինոֆենից (Պարացետամոլ)։ Իրենց արդյունավետությամբ աչքի են ընկնում նաև օքսիկամների շարքի ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցները (ՈՍՀՄ)՝ մասնավորապես տենօքսիկամը (Արթրինալ, Arthrinal), որն ընդունում են օրական ընդամենը 1 անգամ[19]։
ՈՍՀՄ-ների շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն նաև ՑՕԳ-2-ի ընտրողական արգելակիչները (օրինակ՝ ցելեկօքսիբ), որոնք ավելի քիչ կողմնակի ազդեցություն են թողնում աղեստամոքսային համակարգի վրա։
Այնուամենայնիվ պետք է հիշել, որ ՈՍՀՄ-ների երկարատև կիրառումը կարող է առաջացնել բավականին լուրջ կողմնակի ազդեցություններ (օրինակ՝ աղեստամոքսային ուղու խոցոտում, արյունահոսություն, սիրտ-անոթային խնդիրներ)։ Ուստի խորհուրդ է տրվում ՈՍՀՄ ընդունող հիվանդներին վերցնել հսկողության տակ և 3-4 ամիսը մեկ կատարել արյան բիոքիմիական և մեզի ընդհանուր անալիզ։
Որոշ դեպքերում բավականին արդյունավետ է գլյուկոկորտիկոիդների ներհոդային ներարկումը (ՆՀՆ)։ Օգտագործելով ասեպտիկ տեխնիկա՝ հոդը ենթարկվում է ասպիրացիայի և հեղուկն ուղարկվում մանրէաբանական ու հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը որոշող հետազոտությունների։ Ապա ներհոդային ներարկվում է մեթիլպրեդնիզոլոն (40մգ/մլ) կամ տրիամցինոլոն (20մգ/մլ)՝ զուգակցելով տեղային ցավազրկողի (օրինակ, լիդոկայինի) լուծույթի հետ։ Նույն հոդի մեջ կարելի է ներարկել տարին մինչև 4 անգամ։ Ամեն ներարկումից հետո ախտադադարը տևում է մոտ 3 ամիս։ Եթե այն տևում է 2-3 ամսից պակաս, ապա դա պետք է գնահատել որպես միջամտության անարդյունավետություն և այլևս չկրկնել։
Մածուցիկացումը (viscosupplementation) բուժման միջոց է, որի արդյունավետությունը հաստատվել է in vivo։ Հայտնագործվել է երկարատև օստեոարթրոզով հիվանդների համար, որոնց մոտ նպատակահարմար չէ ավանդական բուժումը։ Առողջ հոդերում ծանրաբեռնվածության ժամանակ ձուսպահեղուկը փոփոխվում է մածուցիկից էլաստիկի՝ դրանով ապահովելով հոդամակերեսների հարթությունն ու սահունությունը։ Ձուսպահեղուկի մեծ մոլեկուլային զանգվածով բաղադրամաս հիալուրոնաթթուն (ՀԹ) բորբոքման ժամանակ արտադրված ֆերմենտների ու ազատ ռադիկալների ազդեցությամբ քայքայվում է, կորցնելով իր մածուցիկ և էլաստիկ հատկությունները։ Քայքայված ՀԹ-ն ինքնին խորացնում է հոդաճառի քայքայումը։ Մածուցիկացումը նորմալ ՀԹ-ով կարող է հետաձգել կամ նույնիսկ կանգնեցնել օստեոարթրոզի զարգացումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզլուծույթի (NaCl 0.9% լուծույթ) ներարկումների (պլացեբո) կամ ՈՍՀՄ-ների հետ համեմատած՝ ՀԹ-ով մածուցիկացումը բավականաչափ արդյունավետ է։ ՀԹ-ի ներարկումներն ավելացնում են էնդոգեն ՀԹ-ի քանակները, նվազեցնում հոդաճառի պրոտեոգլիկանների քայքայումը, ընկճում արախիդոնաթթվի առաջացումը և, հետևաբար, պրոստագլանդինների սինթեզը։
Աճառապաշտպաններ (խոնդրոպրոտեկտորներ). Մի քանի եվրոպական հետազոտություններ ցույց են տվել, որ գլյուկոզամին, խոնդրոիտին սուլֆատ և մեթիլսուլֆոնիլմեթան (ՄՍՄ) պարունակող միջոցները (օրինակ, Ստաբիֆլեքս, Stabiflex)[20] կարող են նույնքան արդյունավետ լինել, որքան ՈՍՀՄ-ները, բայց դրանք սկսում են ազդել ավելի ուշ (3-6 ամսից)։ Բացի այդ, աճառապաշտպան միջոցների կիրառումը թույլ է տալիս նվազեցնել ՈՍՀՄ-ների ընդունման քանակները։
Վիրահատական բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ կոնսերվատիվ մեթոդները այլևս արդյունավետ չեն, և ցավը տվյալ հոդում հաշմանդամ է դարձնում ակտիվ անհատին, ապա վիրահատական բուժումը կարող է վերադարձնել հիվանդին ակտիվ կյանքի։ Ոչ-վիրաբույժը հարկ եղած դեպքում պետք է տեղեկացնի հիվանդին այդ միջամտության հնարավորության մասին։ Վիրահատական բուժումը հիմնականում մեղմացնում է ցավը, բայց առանձնապես չի վերականգնում շարժումների ծավալը։ Այսպիսով, որոշումը վիրահատական բուժման մասին հաճախ կայացնում է հիվանդը, այլ ոչ թե բժիշկը։ Վիրահատությունը, որպես կանոն, ցուցված է այն անձանց, ովքեր որոշակի դժվարություններ են ունենում իրենց ամենօրյա գործողությունները կատարելիս և ում չեն օգնել վարժություններն ու դեղորայքային բուժումը։
Կոնքազդրային և ծնկան հոդերի օստեոարթրոզի դեպքում 50-ն անց անձանց մոտ էնդոպրոթեզավորումը (ԷՊ) համարվում է ընտրության վիրահատություն։ Ցեմենտավորված կամ ոչ ցեմենտավորված պրոթեզի ընտրությունը տեխնիկական հարց է և կախված է հիվանդի տարիքից, հոդի վիճակից ու վիրաբույժի փորձից։ Չնայած հոդի էնդոպրոթեզը հիվանդին ծառայում է 15-20 տարի՝ էնդոպրոթեզով երիտասարդ հիվանդների շրջանում անպայման կարիք է լինում կատարել հոդի 2 և ավելի ռևիզիա։ Ամեն հաջորդ ռևիզիան ավելի բարդ է, քան նախորդը։ Այդ պատճառով շատ վիրաբույժներ գտնում են, որ ավելի երիտասարդ հիվանդները պետք է ենթարկվեն ազդրի կամ ծնկան ոսկրահատման՝ մինչև ողջ հոդի ԷՊ-ը։
Սրունք-թաթային հոդի ԷՊ-ը դեռևս չի տվել լավ արդյունքներ, բայց հաճախ կիրառվում է արթրոդեզը (հոդի անշարժացումը)։ Սա բավականին հաջող միջամտություն է, որը նվազեցնում է ցավը՝ ախտահարված հոդի անշարժացման շնորհիվ։
Դաստակի հոդերի օստեոարթրոզի ժամանակ վիրահատություն ցուցված չէ։ Եթե դոնդողային կիստաները ցավ են պատճառում, ապա դրանք կարող են հեռացվել։
Ռիզարթրոզի դեպքում պրոթեզավորումը երբեմն արդյունավետ չէ։ Այս դեպքում բավականին արդյունավետ է պլաստիկ վիրահատությունը՝ դաստակի ճաճանչային ծալիչի ջլի ինտերպոզիցիան։
Վիրահատությունից հետո պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելն արգելվում է, բայց հնարավոր է զբաղվել գոլֆով, քայլքով և նույնիսկ թենիսով։ Եթե հիվանդը ուշադիր խնամում է իր արհեստական հոդը, ապա ինֆեկցիայի ռիսկը կազմում է 1%-ից ցածր։ Այս հիվանդներն ինվազիվ միջամտություններից (օրինակ՝ ցիստոսկոպիայից, կոլոնոսկոպիայից, ատամների բուժումից) առաջ պրոֆիլակտիկ նպատակով պետք է ստանան հակաբիոտիկներ։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օստեոարթրոզով հիվանդների համար պրոգնոզը բարենպաստ է, բայց կախված է տվյալ անհատի զբաղմունքից ու պահանջներից։ Ողնաշարի ախտահարման և կոմպրեսիոն նեյրոպաթիաների առաջացումը համարվում է անբարենպաստ նշան։ Այն հիվանդների մոտ, ովքեր ունեն օստեոարթրոզով ախտահարված մեծ թվով հոդեր, հիվանդությունն ավելի արագ է առաջ ընթանում։ Միակողմանի ախտահարումն ավելի բարենպաստ է, քան երկկողմանին։
Չնայած դեղամիջոցները չեն կարող կասեցնել օստեոարթրոզի առաջընթացը՝ դրանք կարգավորում են ցավը և լավացնում կյանքի որակը։ Ուսումնասիրվում են բուժման նոր մեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կասեցնել օստեոարթրոզի զարգացումը։
Օստեարթրոզով տառապող հայտնիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Disease Ontology — 2016.
- ↑ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=18923 Հիվանդությունների դասակարգում - ՀՄԴ-10
- ↑ Atlas of Osteoarthritis. Springer. 2015. էջ 21. ISBN 9781910315163.
- ↑ "Osteoarthritis". National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases. April 2015. 22 մայիսի, 2015.
- ↑ Brandt KD, Dieppe P, Radin E. Etiopathogenesis of osteoarthritis. Med Clin North Am 2009;93:1–24.
- ↑ Bosomworth NJ. Exercise and knee osteoarthritis: benefit or hazard?. Can Fam Physician 2009;55:871–8.
- ↑ Deweber K, Olszewski M, Ortolano R. Knuckle cracking and hand osteoarthritis. J Am Board Fam Med 2011;24:169–74.
- ↑ Yildizgören, M. T.; Ekiz, T.; Nizamogullari, S.; Turhanoglu, A. D.; Guler, H.; Ustun, N.; Kara, M.; Özçakar, L. (2017 թ․ փետրվարի 1). «Effects of habitual knuckle cracking on metacarpal cartilage thickness and grip strength». Hand Surgery & Rehabilitation. 36 (1): 41–43. doi:10.1016/j.hansur.2016.09.001. ISSN 2468-1210. PMID 28137441.
- ↑ Valdes AM, Spector TD. The contribution of genes to osteoarthritis. Rheum Dis Clin North Am 2008;34:581–603.
- ↑ Coggon D, Reading I, Croft P, McLaren M, Barrett D, Cooper C. Knee osteoarthritis and obesity. Int J Obes Relat Metab Disord 2001;25:622–7.
- ↑ Pottie P, Presle N, Terlain B, Netter P, Mainard D, Berenbaum F. Obesity and osteoarthritis: more complex than predicted! Ann Rheum Dis 2006;65:1403–5.
- ↑ Linn S, Murtaugh B, Casey E. Role of sex hormones in the development of osteoarthritis. PM R 2012;4(5S):S169–73.
- ↑ Tanamas SK, Wijethilake P, Wluka AE, Davies-Tuck ML, Urquhart DM, Wang Y, Cicuttini FM. Sex hormones and structural changes in osteoarthritis: a systematic review. Maturitas 2011;69:141–56.
- ↑ Maroudas AI. Balance between swelling pressure and collagen tension in normal and degenerate cartilage. Nature 1976;260:808–9.
- ↑ Brocklehurst R, Bayliss MT, Maroudas A, Coysh HL, Freeman MA, Revell PA, Ali SY. The composition of normal and osteoarthritic articular cartilage from human knee joints. With special reference to unicompartmental replacement and osteotomy of the knee. J Bone Joint Surg Am 1984;66:95–106.
- ↑ Vos T, Flaxman AD, Naghavi M, Lozano R, Michaud C, Ezzati M et al. Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010. Lancet 2012;380:2163–96.
- ↑ Green GA. Understanding NSAIDs: from aspirin to COX-2. Clin Cornerstone 2001;3:50–60.
- ↑ Brault MW, Hootman JM, Helmick CG, Theis KA, Armour BS. Prevalence and Most Common Causes of Disability Among Adults - United States, 2005. MMWR 2009;58:421-426.
- ↑ Արթրինալ (տենօքսիկամ 20մգ հաբեր)
- ↑ Ստաբիֆլեքս
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |