Jump to content

Նորածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորածին
Դիմանկար
 Newborn animals Վիքիպահեստում

Նորածին, երեխան՝ ծնվելու պահից մինչև կյանքի առաջին ամսվա վերջը (նորածնային շրջան)։ Նորածնին բնորոշ է օրգանիզմի հարմարվելը արտաքին նոր միջավայրին, ծնվելու պահից կարգավորվում է թոքային շնչառությունը, արտարգանդային արյան շրջանառությունը, սկսում են գործել մարսողական օրգանները, առաջանում է ջերմականոնավորում, փոխվում են արյան մորֆոլոգիական և ֆիզիկա-քիմիական առանձնահատկությունները։ Նորածնի զարգացումն այդ շրջանում պայմանավորված է հասունության հիմնական ցուցանիշներով (մարմնի զանգվածը, հասակը, գլխի, կրծքավանդակի շրջագիծը)։ Կյանքի առաջին (մինչև 4-5-րդ) օրերին տեղի է ունենում մարմնի զանգվածի ֆիզիոլոգիական անկում (5-8%), իսկ 7-10-րդ օրերից այն սկսում է վերականգնվել։ Առաջին ամսվա ընթացքում քաշն ավելանում է 600-700 գրամով։ Հասուն նորածնի ճիչը բարձր է, ծծելու ռեֆլեքսը՝ ակտիվ, ֆիզիոլոգիական ռեֆլեքսները լավ արտահայտված են։ Մաշկը նուրբ է, հարթ, դյուրավնասելի, եղջերաշերտերը, մկանները՝ թույլ զարգացած։ Պաշտպանական հատկությունները թույլ են արտահայտված։ Ենթամաշկային ճարպաշերտը ձևավորվում է ներարգանդային կյանքի վերջին երկու ամիսների ընթացքում, կազմելով նորածնի մարմնի զանգվածի 15-18 %-ը։ Բնորոշ է ծալիչ մկանների գերլարվածությունը, որը պայմանավորված է նյարդային հյուսվածքի թերզարգացմամբ։ Ողնաշարը չունի ֆիզիոլոգիական ծռումներ, կրծքավանդակը տակառաձև է։ Նորածնի նյութափոխանակության փոփոխություններն ընթանում են հոմեոստազի շեղումներով, կյանքի առաջին ժամերին բնորոշ է ֆիզիոլոգիական ացիդոզը։

Նորածին

Նորածնի շնչառությունը մակերեսային է, անհավասար ընդմիջումներով (1 րոպեում 40-55 շնչառական շարժում)։ Սիրտ-անոթային համակարգի հարմարվելու պրոցեսը կապված է շնչառության կանոնավորման հետ։ Նկատվում է հաճախասրտություն (զարկերակը 1 րոպեում՝ 120-140 զարկ, լաց լինելիս՝ 160-200 զարկ)։ Ներարգանդային զարգացման վերջում գլխուղեղն ունի այնպիսի ֆունկցիոնալ հասունություն, որ կարող է ընդունել արտաքին գրգիռները նորածնի կյանքի հենց առաջին ժամից։ Հետևաբար՝ նորածնի մոտ կան բոլոր նախապայմանները հասարակ ռեֆլեքսային կապերի ստեղծման համար, իսկ դրանց առաջացման հաջորդականությունը պայմանավորված է համապատասխան կեղևային վերլուծիչների մորֆոլոգիական հասունությամբ։ Ելնելով նորածնի ստամոքսաաղիքային համակարգի առանձնահատկություններից (ֆերմենտային ցածր ակտիվություն, աղիքների լորձաթաղանթի բարձր թափանցելիություն, դյուրավնասելիություն)՝ լավագույն սննդառություն է համարվում կրծքով կերակրելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 375