Jump to content

Ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեփեստոսի տաճար Աթենքում

Ճարտարապետություն (լատին․՝ architectura), շենքեր, կառույցներ, ինչպես և դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար գեղեցիկի օրենքներով ու հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ։ Նրա գեղարվեստական կերպարները նշանակալի դեր են խաղում հասարակության հոգևոր կյանքում։ Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են։ Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը։ Ճարտարապետությունը շինությունների կառուցման արվեստ է։ Դեռ հազարամյակներ առաջ մարդիկ կարողանում էին հրաշալի կառույցներ կերտել։ Բոլորը գիտեն, օրինակ եգիպտական փարավոնների հռչակավոր բուրգերի մասին. հիշենք նաև ուրարտացիների կառուցած Արին֊Բերդի թագավորական պալատը։ Շենքի կառուցումը սկսելուց առաջ ճարտարապետը նախապես պիտի պատկերացնի նրա տեսքը և թղթի վրա պատկերի այն,այսինքն ունենա շենքի գծագիրը։

Ճարտարապետությունը նախնադարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական հնագույն կառույցներ՝ կացարաններ և արհեստական բնակատեղիներ, ստեղծվել են նախնադարում։ Մեգալիթյան կառույցները (մեծածավալ քարերով կերտված պաշտամունքային կառույցներ՝ մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ) քարերի ուղղաձիգ և հորիզոնական համադրություններն են (Ստոունհենջի կրոմլեխը՝ Մեծ Բրիտանիայում)։

Գիզայի բուրգերը

Պետությունների կազմավորմանը զուգընթաց՝ Երևան են եկել քաղաքատիպ բնակավայրերը, կառուցվել են ոռոգման համակարգեր և Աստծու ու աստվածացված տիրակալների հզորությունը խորհրդանշող կառույցներ (Եգիպտոսում՝ Գիզայի բուրգերը, Կառնակի և Լուքսորի տաճարները, Ասորեստանի և Բաբելոնի զիկկուրատները (պաշտամունքային բրգաձև շինություն), Հին Իրանի պալատները և այլն)։

Լուքսորի տաճարները

Հին Հունաստանում ստեղծվել է քաղաք-պետությունների (պոլիս) համակարգ։ Տաճարը քաղաքի պաշտամունքային և ճարտարապետական հորինվածքի կենտրոնն էր, որը կառուցվում էր ակրոպոլիսի (միջնաբերդ) բարձունքին։ Դասական տաճարի կատարելության տիպ է պերիպտերը (սյուներով եզերված կառույց), օրինակ՝ Աթենքի Պարթենոնը։ Հին Հռոմում կարևորվել են հանրապետության (հետագայում՝ կայսրության) հզորությունը խորհրդանշող կառույցները, կիրառվել են կամարային և թաղային կառուցվածքները (կոնստրուկցիա, Պանթեոն տաճարը)։

Ճարտարապետությունը Վերածննդի դարաշրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետությունը բարձր մակարդակի է հասել Վերածննդի դարաշրջանում, սկզբնավորվել է XV դարում, Իտալիայի Տոսկանա մարզի քաղաքներում (Ֆլորենցիա, Պիզա, Լիվոռնո, Կառարա) և զարգացել XV–XVI դարերում՝ Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Անգլիա, Իսպանիա)։ 19-րդ դարի 2-րդ կեսին Եվրոպայում ու ԱՄՆ-ում կապիտալիստական կարգերի ամրապնդմամբ և արդյունաբերության զարգացմամբ էին պայմանավորված քաղաքների արագ աճը, արտադրության նոր տեսակների, առևտրական, տրանսպորտային և այլ կառույցների երևան գալը։

Պիզայի աշտարակ

XIX դարի վերջի – XX դարի սկզբի ճարտարապետության մեջ նկատելի են տարբեր ոճերի համադրումը (էկլեկտիկա) և նոր ուղղությունների՝ մոդեռն, կոնստրուկտիվիզմ, նոր դասականություն (նեոկլասիկա) և այլն առաջացումը։

Ճարտարապետությունը նոր ժամանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակների ճարտարապետության մեջ գեղարվեստական-հորինվածքային խնդիրները դարձել են առավել կարևոր և վճռորոշ, իսկ շինարարական տեխնիկայի զարգացումն ու կատարելագործումը (շարժական ծածկեր, երկակի կորության թաղեր և այլն) նոր հնարավորություններ են բացել համարձակ մտահղացումներ իրագործելու համար։ Ժամանակակից ճարտարապետությունը բնութագրվում է զարգացման ուղղությունների բազմազանությամբ, առանձին շենքերի փոխարեն իշխում են քաղաքաշինական կազմավորումները, դառնում են ավելի հարմարավետ և հուսալի, շեշտվում են կառույցների ու համալիրների արտաքին տեսքը՝ վերասլաց են, աստիճանաձև, հաճախ ոչ ուղղաձիգ ծավալներով ու ձևերով, քաղաքաշինական համալիր խնդիրների ամբողջական և ավարտուն լուծումներով։ Նոր ժամանակներում ճանաչված ճարտարապետներ Լը Կորբյուզեն, Ֆրանկ Լլոյդ Ռայթը, Միս Վան դեր Ռոեն, Վալտեր Գրոպիուսը, Օսկար Նիմեյերը, Քենձո Թանգեն, Ալվար Աալտոն, Էրո Սաարինենը, Լուիս Կանը, Ժորժ Կանդիլիսը և ուրիշներ ստեղծել են ճարտարապետական արժեքներ, որոնք մեծապես նպաստել են մշակութային առաջընթացին։ Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։

Ճարտարապետությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ճարտարապետության հնագույն փուլն ընդգրկում է մ. թ. ա. IV–I հազարամյակները, պահպանվել են քարեդարյան անձավներ, պղնձեդարյան և բրոնզեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտեր, մեգալիթյան կառույցներ, բերդշեներ, ժայռափորագրություններ։ Հին փուլն ընդգրկում է կազմավորված հայկական պետականության ժամանակաշրջանի՝ մ. թ. ա. VI–III դարերի՝ ստրկատիրական կացութաձևի ճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանը կարևորվում է հատկապես հայկական մշակույթի և Հայկական լեռնաշխարհում բնակվող այլ ցեղերի մշակույթների փոխառնչությամբ։ Այս փուլի հիմնական պաշտամունքային կառույցները հեթանոսական մեհյաններն ու տաճարներն էին, որոնց տեղերում հետագայում կառուցվեց քրիստոնեական վաղ շրջանի շինությունների զգալի մասը։ Վաղ միջնադարը (IV–VII դարեր) հիմնականում հայկական մոնումենտալ ճարտարապետության ազգային նկարագրի ձևավորման (IV–V դարեր) և հասունության ու կատարելության (VI–VII դարեր) շրջաններն են։

Սանահինի վանքը

Զարգացած միջնադարյան փուլը, ըստ ընդունված պարբերացման, ընդգրկում է IX դարի վերջից մինչև XIV դարը՝ IX–XI և XII–XIV դարերի ենթափուլերով։ IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել քաղաքաշինությունը (Անի, Դվին, Կարս, Վան և այլն), ստեղծվել են վանական համալիրներ (Տաթև, Սևան, Գնդեվանք, Հոռոմոս, Խծկոնք, Հաղպատ, Սանահին և այլն)։

Տաթև վանական համալիրը

XII–XIV դարերում ընդլայնվել են եղած համալիրները, ստեղծվել նորերը, կատարելագործվել է քաղաքաշինական արվեստը, հարստացել են արտահայտչամիջոցները, շինարարական-կառուցվածքային հնարքները, կարևորվել է աշխարհիկ շենքերի (գրատուն, սեղանատուն, հյուրանոց-կարավանատուն), ճարտարագիտական և պաշտպանական կառույցների շինարարությունը, կազմավորվել են ճարտարապետական դպրոցներ Սյունիքում, Վասպուրականում, Գուգարքում, Արցախում և այլուր։ Միջնադարյան հայկական ճարտարապետության վերջին փուլն ընդգրկում է XVII–XVIII դարերը, երևան են եկել նոր հատկանիշներ քաղաքաշինության և բնակարանային ճարտարապետության ոլորտներում, մասամբ պակասել են կառույցների մոնումենտալությունը, գեղարվեստական արտահայտչականությունը։ Նոր փուլի (XIX դարից մինչև XX դարի առաջին երկու տասնամյակներ) ճարտարապետությանը բնորոշ են մերձեցումը ռուսական մշակույթին և քաղաքաշինության (Երևան, Գյումրի, Գորիս, Նոր Բայազետ և այլն) զարգացումը՝ դասականության ու կանոնավոր հատակագծման սկզբունքների կիրառմամբ։ Եթե միջնադարյան ճարտարապետության նախորդ փուլերում բնակավայրի դիմագիծը բնորոշողը պաշտամունքային կառույցների ճարտարապետությունն էր, ապա նոր փուլում առաջնային են դարձել քաղաքաշինությունը և ժողովրդական տան ճարտարապետությունը։

Նորագույն փուլը խորհրդահայ ճարտարապետության շրջանն է՝ 1920–1990 թվականներ, երբ գյուղական և քաղաքային բնակավայրերում ծավալվել է զանգվածային բնակարանաշինություն, կառուցվել են ուսումնական, մշակութային, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտներ, հաղորդակցուղիներ (կոմունիկացիա) և ենթակառուցվածքներ, բարելավվել են բնակավայրերի սանիտարահիգիենային պայմանները, կարևորվել բնապահպանական խնդիրները։ Արդի փուլի (1990-ական թվականների սկզբից)՝ Հայաստանի երկրորդ հանրապետության ճարտարապետությանը բնորոշ են որոշակի որակական փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կառուցվածքների ու տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը։ Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից, լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։

Նորավանքը

Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։ Պետականության բացակայության պայմաններում, նաև ճակատագրի բերումով, հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, հայոց շինարվեստի ավանդույթները տարածելով նաև գաղթավայրերում։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են