Էռնստ Մախ
Էռնստ Մախ (Էռնստ Վալդֆրիդ Յոզեֆ Վենզել Մախ, գերմ.՝ Ernst Mach, փետրվարի 18, 1838 թ., Բրյուն, Ավստրիական կայսրություն - փետրվարի 19, 1916 թ., Մյունխեն, Գերմանիա), ավստրիացի ֆիզիկոս, մեխանիկ և փիլիսոփա-պոզիտիվիստ[16][17][18][19]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռնստ Վալդֆրիդ Յոզեֆ Վենզել Մախը ծնվել է Հրլիցե ու Բռնա գյուղի արքեպիսկոպոսական ամրոցում գիմնազիայի ուսուցչի ընտանիքում։ Մինչև 14 տարեկան դառնալը ուսում է ստացել տնային պայմաններում, այնուհետև ընդունվել Կրոմերնժիժի գիմնազիան։ 1855 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարան, որն ավարտել է 1860 թվականին ֆիզիկայի դոկտորի կոչումով։ Մեկ տարի անց Անդրեաս ֆոն Էտինսգհաուզի ղեկավարությամբ հաջողությամբ անցել է հաբիլիտացիայի գործընթացը[16]։
1861 թվականից Վիեննայի համալսարանում աշխատել է որպես պրիվատ-դոցենտ։ 1864 թվականից Գրացի համալսարանում աշխատել է որպես պրոֆեսոր-ֆիզիկ։ 1867 թվականից եղել է Պրահայի Կարլի համալսարանի պրոֆեսոր-ֆիզիկ, իսկ 1879 թվականից՝ նույն համալսարանի ռեկտոր։ 1882 թվականից հանդիսացել է Պրահայի Գերմանական համալսարանի պրոֆեսոր։ 1898-1901 թվականներին որպես փիլիսոփայության պրոֆեսոր աշխատել է Վիեննայի համալսարանում[16]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մախին են պատկանում ֆիզիկայի բնագավառում մի շարք գիտական հայտնագործություններ։ Նրա առաջին գիտական աշխատանքը կապված էր օպտիկայի և ակուստիկային ու վերաբերվում էր լսողության և տեսողության ուսումնասիրությանը։ Տվյալ ժամանակաշրջանի աշխատանքներից են «Դոպլերի սկզբունքի հիման վրա կրկնակի աստղերի գույնի մասին» (1861 թ.), «Հելմգոլցի երաժշտական տեսության բացատրությունը» (1866 թ.), «Տոնայնության բարձրության ստրոբոսկոպիկ որոշում» (1873 թ.), «Ձայնի արտացոլումն ու ճեղքումը» (Ֆիշերի հետ միասին, 1873 թ.), «Օպտիկա-ակուստիկային փորձարկումներ» (1873 թ.), «Կինեստեզիայի ուսուցման հիմունքներ» (1875 թ.) և այլն[20]։
1881 թվականին Մախը զբաղվել է նաև Աերոդինամիկ ուժով։ Այս ոլորտի հիմնադիրներից մեկն է հանդիսանում[21]։ Նա ուսումնասիրել է աերոդինամիկ գործընթացները, որոնք ուղեկցվում էին մարմինների գերձայնային արագությամբ, բացահայտել և ուսումնասիրել է հարվածային ալիքները։ Այս ոլորտում Մախի պատվին անվանվել են մի շարք արժեքներ և հասկացողություններ՝ Մախի թիվ, Մախի կոն, Մախի դիսկեր և այլն[20]։
Մեծ հռչակ է վայելում Մախի ընդարձակ ուսումնասիրությունը՝ «Աշխատանքի պահպանման սկզբունքի արմատն ու պատմությունը» (1872 թ.), «Մեխանիկա. զարգացման պատմա-քննադատական ակնարկ» (1883 թ.), «Զգացողությունների վերլուծություն» (1886 թ.)[20]:
Մախի բնագիտական աշխատությունները մեծ արժեք են ներկայացնում փիլիսոփայության ոլորտում։ Այդպիսիններից են «Ֆիզիկական հետազոտությունների տնտեսական բնույթը» (1882 թ.) և «Բնական գիտության մտքի վերափոխման և հարմարվելու մասին» (1884 թ.) դասախոսությունները[20]։
Փիլիսոփայական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մախի փիլիսոփայական հայացքները մեծ ճանաչման են հասել 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին շնորհիվ ֆիզիկայի ճգնաժամի լուծմանն ուղղված փորձերի։ Բացարձակ տարածությանը, ժամանակին, միջնորդությանը, ուժին Մախը հակադրեց այդ կատեգորիաների հարաբերական հասկացողությանը, որը, ըստ նրա, սուբյեկտիվ են իրենց ծագման (Մախիզմ)։ Սուբյեկտիվ իդեալիզմի ոգով Մախը պնդում էր, որ աշխարհը «զգացողությունների համալիր» է, համապատասխանաբար գիտության խնդիր պարզապես այդ «զգացողությունների» նկարագրությունն է[20][22]։
Մախիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մախիզմը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սուբյեկտիվ իդեալիստական ուղղություն՝ այսպես կոչված «երկրորդ պոզիտիվիզմ», որի հիմնական տեսական դրույթները մշակել են Էրնստ Մախը, Ռիխարդ Ավենարիուսը և նրանց աշակերտներն ու համախոհները (Ի. Պետցոլդ, Ֆ. Կարստանյեն, Ռ. Վիլի, Կարլ Պիրսոն)։ Մախը, իսկ այնուհետև մախիզմին հարած ֆիզիկոսները (Պիեռ Դյուհեմ, Վիլհելմ Օստվալդ, Անրի Պուանկարե) փորձում էին լուծել դասական ֆիզիկայի ճգնաժամի առնչությամբ ծագած իմացաբանական դժվարություններն ու մեթոդաբանական խնդիրները։ Նրանք զգալի դեր խաղացին ֆիզիկական նոր պատկերացումների ձևավորման գործում՝ նպաստելով փորձնական հիմնավորում չունեցող մտակառույց («մետաֆիզիկական») էությունների արտաքսմանը ֆիզիկայից։ Սակայն մախիզմում դա հասավ ամեն տեսակ վերացական հասկացությունների, առհասարակ մտահասու էությունների (հատկապես փիլիսոփայական «սուբստանց», «մատերիա», «ոգի», «պատճառականություն» և այլն) ճանաչողական նշանակության ժխտմանը։ Համապատասխանաբար, մախիզմի իմացաբանությունը սուբյեկտիվիստական էմպիրիզմ է՝ ֆենոմենալիզմ. ճանաչողության հիմքում այն դնում է անմիջական զգայական փորձը, որի վերջնական «տարրեր» համարում է զգայությունները։ Վերացվում է հոգեկանի և ֆիզիկականի հակադրությունը, զգայությունները և նրանց կոմպլեքսները, դիտված զգայող սուբյեկտի հետ ունեցած հարաբերության տեսակետից, կազմում են հոգեբանության առարկան, իսկ դրանց օբյեկտիվացումը, դրանց դիտարկումն իբրև առարկայի ու նրա հատկությունների մասին զգայական տվյալների, կազմում է ֆիզիկայի (բնագիտության) առարկան։ Սուբյեկտի և օբյեկտի հակադրության այսպիսի վերառմամբ մախիզմը իր փիլիսոփայությունը հռչակում է մատերիալիզմից և իդեալիզմից վեր կանգնած՝ «երրորդ», «չեզոք» գիծ։ Մարդկային ճանաչողությանը մախիզմը տալիս է կենսաբանական մեկնաբանություն՝ նրա վրա տարածելով կենսաբանական հարմարմանը հատուկ «ուժերի նվազագույն ծախսման» սկզբունքը։ Գիտական ճանաչողության մեջ դա, ըստ Մախի, դրսևորվում է որպես «մտածողության տնտեսման» մեթոդաբանական պահանջ։ Գիտության էությունը և նպատակը համարվում են զգայությամբ տրված փորձնական տվյալների նկարագրությունը։ «Զուտ նկարագրության» այս մեթոդաբանական սկզբունքի տեսակետից բնագիտության տեսական ընդհանրացումները լավագույն դեպքում աշխատանքային հիպոթեզներ են, և նրանց չպետք է վերագրել օբյեկտիվ բովանդակություն։ Դրանով իսկ մախիզմը հետևում է հյումիստական ագնոստիցիզմի գծին[20]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Էռնստ Մախի պատվին անվանակոչեց Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկը։
- էռնստ Մախի դիմանկարը պատկերվել է ավստրիական փոստի կողմից 1988 թվականին թողարկված նամականիշի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Who Named It?
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Encyklopedie Kroměříže (չեխերեն) — 2020.
- ↑ Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ https://web.archive.org/web/20170412220149/http://lebendiges-vaterstetten.info/pdf/LeVa_12_2013.pdf / Vaterstetten — Vol. 2013, Iss. 12.
- ↑ https://www.leopoldina.org/fileadmin/redaktion/Mitglieder/CV_Ernst_Mach_D.pdf
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 16,0 16,1 16,2 Храмов Ю. А. Мах Эрнст (Mach Ernst) // Физики: Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.: Наука, 1983. — С. 181. — 400 с. — 200 000 экз.(ռուս.)
- ↑ Мах, Эрнст, Энциклопедия Кругосвет.(ռուս.)
- ↑ Мах (Mach) Эрнст, Энциклопедия современной эзотерики. Արխիվացված 2022-01-18 Wayback Machine(ռուս.)
- ↑ Эрнст Мах, Биография.(ռուս.)
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Парамонов А. А. Философия науки Эрнста Маха - М.: 2005. - Дисс. на соиск. уч. степ. к.ф.н. по спец. 09.00.08 - философия науки и техники.(ռուս.)
- ↑ Тюлина И. А. История и методология механики. — М.: Изд-во Моск. ун-та, 1979. — 282 с.(ռուս.)
- ↑ Гайденко П. П. Понимание времени. Статья первая: Понятие времени в философии науки конца XIX — начала XX века. Э. Мах, А. Пуанкаре // Знание. Понимание. Умение. — 2004. — № 1. — С. 174-184.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Մախ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1838 ծնունդներ
- Բռնո քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 1916 մահեր
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի ավստրիացի գրողներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի ակադեմիկոսներ
- Ավստրիացի գիտնականներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի մաթեմատիկոսներ
- Ավստրիացի մանկավարժներ
- Ավստրիացի փիլիսոփաներ
- Ավստրիացի ֆիզիկոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Գիտության փիլիսոփաներ
- Կաթվածից մահացածներ
- Պոզիտիվիզմ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով