Աննա Լենա Էլգստրյոմ
Աննա Լենա Էլգստրյոմ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1884[1] |
Ծննդավայր | Helsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 1968[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | S:t Görans church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[2] |
Մասնագիտություն | թարգմանչուհի և գրող |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Ամուսին | Gustaf Collijn? |
Զավակներ | Ragnhild Billig? |
Anna Lenah Elgström Վիքիպահեստում |
Աննա Հելենա Մարիա (Աննա Լենա) Էլգստրյոմ (շվեդ.՝ Anna Helena Maria (Anna Lenah) Elgström, դեկտեմբերի 29, 1884[1], Helsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա - դեկտեմբերի 23, 1968[1], S:t Görans church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ գրող, լրագրող և խաղաղության համար պայքարող։
Կենսագրություն և ստեղծագործականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Լենա Էլգստրյոմը ծնվել է 1884 թվականին, Հելսինգբորգում։ Վաղ տարիքում ցանկացել է նկարչուհի դառնալ և ընդունվել է Ստոկհոլմի տեխնիկական դպրոց (Tekniska skolan): 1908 թվականին իր եղբոր հետ մեկնել է Փարիզ, որտեղ շարունակել է ուսումը, նաև` ստեղծել է խճանկարներ և նկարներ ապակու վրա։ Նույն տարիներին նա սկսել է գրել. նախ դրանք եղել են ճամփորդական նշումներ, որոնք Փարիզից նա ուղարկել է շվեդական տարբեր թերթերի։ 1912 թվականին Աննա Լենա Էլգստրյոմն ամուսնացել է թատերական գործիչ Գուստաֆ Կոլիյնի հետ, իսկ երկու տարի անց դուստր է ունեցել[3]:
Աննա Լենա Էլգստրյոմի գրական դեբյուտը կայացել է 1911 թվականին, երբ լույս է տեսել նրա «Gäster och främlingar» գիրքը, որը քննադատների կողմից դրական արձագանքներ է ստացել։ Նրա ամենահայտնի գործերից մեկը Էլս Հոլմի մասին «Den kloka Elsa» եռագրությունն է, որը պատմում է աղջկանից երիտասարդ կին դառնալու աստիճանական փոխակերպման մասին[3]:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աննա Լենան հիմնականում զբաղվել է լրագրությամբ՝ արմատական պացիֆիստի դիրքորոշում ունենալով։ 1915 թվականին նա մասնակցել է Հաագայում Կանանց խաղաղության և ազատության միջազգային կոնգրեսին, 1916 թվականին՝ Ստոկհոլմում խաղաղության հարցերի վերաբերյալ կոնֆերանսին[4] [3]: Նրա համար օրինակ է եղել խաղաղության համար հայտնի պայքարող Ռոզիկա Շվիմմերը։ 1917 թվականին Աննա Լենան Էլին Վագների և Ֆրիդա Սթենհոֆի հետ գրել է իրեն նվիրված «Den kinesiska muren. Rosika Schwimmers kamp för rätten och hennes krig mot kriget» գիրքը։ Նույն թվականին նա դարձել է Մարդասիրական քաղաքականության ասոցիացիայի (Förbundet för humanistisk politik) համահիմնադիրը։ Էլգստրյոմի պացիֆիզմը սերտորեն կապված էր ֆեմինիզմի հետ` Էլեն Քեյի ոգով։ Նա շատ է գրել պատերազմի ժամանակ մայրերի և երեխաների անպաշտպանության մասին, ովքեր ստիպված էին տառապել տղամարդկանց մեղքով։ Այս թեմային է նվիրված նրա` պատմվածքների «Mödrar» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1917 թվականին, այնուհետև բազմիցս վերահրատարակվել է։ 1919 թվականին գրողը դարձել է Rädda Barnen կազմակերպության հիմնադիրներից մեկը («Փրկենք երեխաներին »)[3]:
1930-ականների կեսերին, գտնվելով Իսպանիայում և քաղաքացիական պատերազմի մասին ռեպորտաժներ վարելով` Էլգստրյոմը որոշակիորեն փոխել է իր հայացքները՝ թույլ տալով բռնության և ռազմական գործողությունների անխուսափելիությունը որոշակի հանգամանքներում։ 1936 թվականին նա կազմակերպել է Շվեդիայի կանանց կոմիտեն` իսպանացի երեխաների համար (Svenska Kvinnokommittén för Spaniens barn), որի նախագահն է եղել 1936-1940 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Էլգստրյոմն օգնել է Ֆինլանդիային, իսկ 1940 թվականին՝ փախստականների օգնության հանձնաժողովի անդամ էր[3]:
Աննա Լենա Էլգստրյոմը շատ է ճանապարհորդել՝ այցելելով, մասնավորապես, Եվրոպայի տարբեր երկրներ, ԱՄՆ, Աֆրիկա և Խորհրդային Միություն։ Որպես լրագրող նա համագործակցել է այնպիսի պարբերականների հետ, ինչպիսիք են Social-Demokraten, Morgon-Tidningen և Sydsvenska Dagbladet Snällposten պարբերականները։ Նրան հետաքրքրող ևս մեկ թեման կրոնն էր։ Նա մեծացել է քրիստոնեական ընտանիքում, որը հարում էր ռիվայվելիզմի գաղափարներին (նրա մայրական զարմիկը Լինա Սանդել-Բերգն էր), իսկ 1948 թվականին կաթոլիկություն է ընդունել և համագործակցել կաթոլիկ Credo ամսագրի հետ[3]:
Ընդհանուր առմամբ, Աննա Լենա Էլգստրյոմը գրել է երեսուն վեպ, պատմվածքների, էսսեների և ճամփորդական գրառումների ժողովածուներ։ Աննան մահացել է 1968 թվականին։ Նրա պատվին անվանակոչվել է Էրեբրու քաղաքի փողոցներից մեկը [3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Collijn, ANNA HELENA MARIA — Svenskagravar.se.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Svenskt kvinnobiografiskt lexikon
- ↑ The History of Nordic Women's Literature
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Լենա Էլգստրյոմ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 1968 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պացիֆիստներ
- Շվեդ ֆեմինիստներ
- Շվեդ լրագրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 19-րդ դարի կին գրողներ
- Շվեդ կին գրողներ
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Շվեդ թարգմանիչներ