Jump to content

Ֆերենց Մյուննիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերենց Մյուննիխ
հունգ.՝ Münnich Ferenc
Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ
28 հունվարի, 1958 թվական - 13 սեպտեմբերի, 1961 թվական
Նախորդող Յանոշ Կադար
Հաջորդող Յանոշ Կադար
Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար
12 նոյեմբերի, 1956 թվական - 1 մայիսի, 1957 թվական
Նախորդող Պալ Մալետեր
Հաջորդող Գեզա Ռևես
 
Կուսակցություն՝ Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան (1910)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 18, 1886(1886-11-18)
Ծննդավայր Seregélyes, Székesfehérvár District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
Վախճանի օր նոյեմբերի 29, 1967(1967-11-29)[1][2] (81 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Münnich Ferenc Nándor Ede
 
Պարգևներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Հունգարիայի ազատության շքանշան

Ֆերենց Մյուննիխ (հունգ.՝ Münnich Ferenc, նոյեմբերի 18, 1886(1886-11-18), Seregélyes, Székesfehérvár District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 29, 1967(1967-11-29)[1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի պետական գործիչ, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ (1958-1961)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենց Մյուննիխը ծնվել է 1886 թվականի նոյեմբերի 18-ին Շերեգեյեշ գյուղում։ 1914 թվականին զորակոչվել է ավստրոհունգարական բանակ։ 1915 թվականին գերի է ընկել ռուսների մոտ։ Գտնվել է Տոմսկում տեղակայված ռազմագերիների ճամբարում, որտեղ 1917 թվականին անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը։

1917 թվականին Ֆերենց Մյուննիխը եղել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հունգարական խմբի կազմակերպիչներից մեկը։ Նա Պերմում ստեղծել է հունգարացիների ջոկատ։ Կարմիր բանակի զորամասերի հետ Ուրալում կռվել է սպիտակների դեմ։ 1918 թվականի նոյեմբերին Ֆերենց Մյուննիխը վերադարձել է հայրենիք։ Այն բանից հետո, երբ 1919 թվականի մարտի 21-ին Հունգարիայում հռչակվել է սովետական իշխանություն, Ֆերենց Մյուննիխը ակտիվ մասնակցություն է ունեցել Հունգարիայի Կարմիր բանակի ու Կարմիր ոստիկանության կազմակերպման գործում։

Պրոլետարական դիկտատուրայի անկումից հետո արտագաղթել է Ավստրիա, այնուհետև եղել է Չեխոսլովակիայում ու Գերմանիայում, որտեղ հեղափոխական գործունեություն է վարել աշխատավորների շրջանում։ 1922-1936 թվականներին նա ԽՍՀՄ-ում եղել է գյուղատնտեսական աշխատանքների ղեկավար։

Ֆերենց Մյուննիխի արձանը Բուդապեշտի Մեմենտո այգում

Ֆերենց Մյուննիխը մասնակցել է 1936-1939 թվականների Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Եղել է Մատյաշ Ռակոշիի 13-րդ միջազգային բրիգադի գումարտակի կոմիսար[4]։

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կռվել է Սովետական բանակի շարքերում, մասնակցել է Ստալինգրադի մոտ մղվա մարտերին։ 1945 թվականին վերադարձել է Հունգարիայում։ Նշանակվել է Բուդապեշտի ոստիկանության պետ։ 1949-1951 թվականներին եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության դեսպանորդը Ֆինլանդիայում, 1951-1954 թվականներին՝ հայրենի երկրի դեսպանը Բուլղարիայում։ 1954 թվականի սեպտեմբերից մինչև 1956 թվականի օգոստոսը՝ դեսպան ԽՍՀՄ-ում։ 1956 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր եղել է երկրի դեսպանը Հարավսլավիայում։

1956 թվականի նոյեմբերի սկզբին՝ Հունգարիայում ծավալված հեղափոխության ժամանակ, մասնակցել է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության ստեղծմանը։ 1956 թվականին նշանակվել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարար, իսկ 1957 թվականի փետրվարից մինչև 1958 թվականի հունվարը եղել է պաշտպանության նախարար։ 1958-1961 թվականներին եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության մինիստրների խորհրդի նախագահ։

1957-1965 թվականներին Ֆերենց Մյուննիխը եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության ԿԿ քաղբյուրոյի անդամ։

Ֆերենց Մյուննիխը մահացել է 1967 թվականի նոյեմբերի 29-ին Բուդապեշտում։ Նրա մահից հետո՝ մինչև 1989 թվականը, նրա անունն է կրել Բուդապեշտի փողոցներից մեկը։ 1990 թվականի մարտի 21-ին նրա արձանը ավերվել է։ Հետագայում այն վերականգնվել է և տեղադրվել Բուդապեշտի Մեմենտո այգում[5]։

Ֆերենց Մյուննիխի անունով է կոչվում փողոց Տոմսկում։ 1986 թվականին Հունգարիայում թողարկվել է նրան նվիրված նամականիշ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Geni(բազմ․) — 2006.
  4. Hugh Thomas, The Spanish Civil War, 4th Rev. Ed. 2001, p 927
  5. 1990: ledöntötték Münnich Ferenc szobrát

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мюнних Ф. Бурный путь. — М., Военное издательство Министерства Обороны СССР, 1968.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Մյուննիխ» հոդվածին։