Եվրոպայի պատմության մեջ Միջնադարը (կամ Միջնադարյան ժամանակաշրջանը) սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում: Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով: Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը: Միջնադարը իր հերթին բաժանվում է Վաղ, Բարձր և Ուշ միջնադարերի:
Բնակչության նվազումը, ապաուրբանիզացիան, արշավանքները և ժողովուրդների տեղաշարժը, որոնք սկսվել էին Ուշ անտիկ ժամանակաշրջանում, շարունակվեցին Վաղ միջնադարում: Ժողովուրդների մեծ քանակությամբ տեղաշարժը Գաղթի ժամանակաշրջանում, ներառյալ տարբեր գերմանական ժողովուրդների, ձևավորեցին նոր թագավորություններ քայքայված Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում: Յոթերորդ դարում Հյուսիսային Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, որը մտնում էր Բյուզանդական կայսրության կազմի մեջ, անցան Օմայյան խալիֆայության տիրապետությանը, որը իսլամական կայսրություն էր, որն իր տարածքները նվաճել էր Մուհամմադ մարգարեի հետևորդների գլխավորությամբ: Չնայած տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ հասարակության մեջ և քաղաքական կառուցվածքում, Դասական Անտիկ դարաշրջանից անցումը դեռ չէր ավարտվել: Դեռևս Բյուզանդական կայսրությունը մնում էր հզոր տերություն: Կայսրության իրավունքի կոդը` Կորպուս յուրիս ցիվիլիսը կամ «Հուստինիանուսի կոդը» վերահայտնաբերվեց Հյուսիսային Իտալիայում 1070 թվականին և լայնորեն կիրառվեց Միջնադարում: Արևմուտքում շատ թագավորություններ պահպանեցին հռոմեական ինստիտուտները: Շարունակվեցին բազմակրոն եվրոպացիների քրիստոնեացման գործընթացները: Ֆրանկները, 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբին Կարոլինգների ժամանակ հիմնադրեցին Կարոլինգյան կայսրությունը: Այն ներառում էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը, սակայն հետագայում անկում ապրեց բազմաթիվ քաղաքացիական պատերազմների և արտաքին թշնամու ներխուժումների արդյունքում: Արտաքին թշնամիներն էին վիկինգները հյուսիսից, Հոները արևելքից և Սարակինոսները հարավից:
Չինական մեծ պարիսպ (長城, 长城, Chángchéng (Երկար պատ) կամ 萬里長城, 万里长城, Wànlǐ Chángchéng (Երկար պատ 10000 լի երկարությամբ), քարից, աղյուսից, հողից, փայտից և այլ նյութերից պատրաստված ամրությունների շարք։ Դրանք կառուցվել են հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից։ Դեռևս մ․թ․ա 7-րդ դարից սկսվել է պարսպի որոշ մասերի կառուցումը։ Սրանք հետագայում միացվել են մյուս պարիսպներին Ցին Շի Հուանդի՝ Չինաստանի առաջին կայսեր կողմից (մ․թ․ա․ 220–206 թվականներ)։ Այս պարսպից, իհարկե, շատ քիչ մասն է պահպանվել։ Ավելի ուշ տարբեր դինաստիայի ներկայացուցիչներ վերակառուցել, նորոգել են հին պարիսպները՝ միևնույն ժամանակ ավելացնելով նոր շարքեր։ Պարիսպների ամենահայտնի հատվածը կառուցվել է Մին դինաստիայի (1368–1644 թվականներ) օրոք։
Պաշտպանական նշանակությունից բացի Չինական մեծ պարիսպը ունեցել է նաև սահմանների վերահսկողության նշանակություն՝ թույլ տալով Մետաքսի ճանապարհով ապրանքների անվնաս տեղափոխումը, առևտրի կանոնակարգումը, արտագաղթի և ներգաղթի վերահսկողությունը։ Դեռ ավելին՝ պարսպի պաշտպանական հատկանիշները բարելավվել են պահակակետ աշտարակների, զորանոցների, կայազորի կայանների, ծխի և կրակի միջոցով ազդանշաններ տալու համակարգերի ստեղծմամբ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ պարիսպների վրայի ուղին ինքնին եղել է նաև տրանսպորտային միջանցք։ (մանրամասն...)
Թովմա Աքվինացի (լատ.՝ Thomas Aquinas, իտալ.՝ Tommaso d'Aquino, հունվարի 25, 1225, Ռոկասեկա, Ակվինո, Սիցիլիայի թագավորություն - մարտի 7, 1274, Ֆասսանովա աբբայություն, Հռոմ, Պապական մարզ), իտալացի աստվածաբան, փիլիսոփա, օրթոդոքսալ (ուղղափառ) սխոլաստիկայի համակարգող, կաթոլիկ եկեղեցու հայր, հորջորջվել է որպես՝ Doctor Angelicus, Doctor Universalis, «princeps philosophorum» («փիլիսոփաների արքայազն»), թոմիզմի փիլիսոփայական ուղղության հիմնադիր, դոմինիկյան միաբանության անդամ, 1879 թ-ից ճանաչվել է ամենահեղինակավոր կաթոլիկ կրոնական փիլիսոփա։ Կապել է կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը (մասնավորապես, Օգոստինոս Երանելու գաղափարները) Արիստոտելի փիլիսոփայության հետ։ Ձևակերպել է Աստծո գոյության հինգ ապացույցները։ Ընդունելով բնական գոյության և մարդկային բանականության համեմատական ինքնուրույնությունը՝ գտնում էր, որ բնությունն ավարտվում է վերին օգնության, բանականությունը՝ հավատի, գոյի զուգադրության վրա հիմնված փիլիսոփայական իմացությունն ու բնական աստվածաբանությունը՝ գերբնական հայտնության մեջ։
Եղել է բնական աստվածաբանության գլխավոր, դասական ջատագովը, թոմիզմի հայրը: Արևմուտքի մտքի վրա նրա ազդեցությունը նկատելի է. արդի փիլիսոփայության զգալի մասը զարգացրել է նրա գաղափարները կամ հակադրվել դրանց՝ հատկապես բարոյագիտության, բնական օրենքի, մետաֆիզիկայի և քաղաքագիտության տեսության բնագավառներում: Ի տարբերություն այն ժամանակներում եկեղեցում տարածում գտած շատ հոսանքների՝ Թովման վերցրեց Արիստոտելի առաջ քաշած մի շարք գաղափարներ և փորձեց դրանք սինթեզել քրիստոնեության սկզբունքների հետ: Նրա ամենահայտնի աշխատություններն են «Disputed Questions on Truth» (1256-59), «Summa contra Gentiles» (1259-1265) և Summa Theologiae (1265-1274): Աքվինացու գրավոր ժառանգության կարևոր մասն են կազմում նաև Սուրբ գրքի և Արիստոտելի աշխատությունների նրա մեկնությունները: Բացի այդ, հորինել է օրհներգություններ, որոնք կաթոլիկ եկեղեցու պատարագի մասն են կազմում առ այսօր Կաթոլիկ եկեղեցին Թովմա Աքվինացուն պատվում է որպես սուրբի և նրան համարում տիպար ուսուցիչ բոլոր նրանց համար, ովքեր ուսումնասիրում են Սուրբ ուսմունքը , փիլիսոփայություն, կաթոլիկ աստվածաբանություն, եկեղեցու պատմություն, պատարագ, կանոնական իրավունք՝ եկեղեցում ծառայության մտնելու նպատակով:
Ֆարամոնդ կամ Ֆարամոդ, Ֆարամոն, Ֆարամունդ, Մերովինգների առասպելական նախահայրը: Ըստ «Ֆրանկների պատմության գրքի» (Liber Historiae Francorum) նա եղել է Մարկոմիրի տղան և Քլոդիոնի հայրը: Այդ պատճառով նա երկար ժամանակ համարվել է Մերովինգների հարստության առաջին թագավորը: Սակայն հետագայում նրա գոյությունն առասպելական է ճանաչվել: Դա բացատրվում է նրանով, որ «Ֆրանկների պատմության գրքի» հեղինակը վերապատմել է Գրիգոր Տուրցիի առաջին վեց գրքերը՝ ավելացնելով 21 նոր փաստ, այդ թվում և` Ֆարամոնդի անունը: Բայց նա չգիտեր 5-րդ դարի պատմություն, քանի որ օգտագործում միայն Գրիգոր Տուրցիի ժամանակագրությունը որպես աղբյուր: Այսպիսով կասկածելի է, որ նա կարող էր այս ժամանակագրից մեկուկես դար անց բացահայտել Մերովինգների դինաստիայի անհայտ նախնուն այն դեպքում, երբ Գրիգոր Տուրցիին դա չի հաջողվել:
Սակայն Ֆարամոնդ (Faramond) անունով պատմական կերպարը գոյություն է ունեցել: Նա ծնվել է մոտավորապես 550 թվականին, Փարիզից ոչ շատ հեռու և եղել է փարիզյան քահանա: Նաև նա եղել է եպիսկոպոս Ռագնեմոնդ (Ragnemond) Փարիզեցու եղբայրը (ով եպիսկոպոս է եղել 576-ից 591 թվականներին): Եպիսկոպոս Ռագնեմոնդը ցանկանում էր, որպեսզի նրա եղբայրը փոխարիներ նրան: Սակայն 591 թվականին, եպիսկոպոսի մահից հետո, Ֆարամոնդը Եվսեվի անունով սիրիացի հարուստ մի վաճառականի թույլ է տալիս գրավել եպիսկոպոսական աթոռը: Ֆարամոնդը մահացել է մոտավորապես 600-610 թվականներին: (մանրամասն...)