Նեոիմպրեսիոնիզմ (ֆրանսերեն néо-impressionnisme, < նոր իմպրեսիոնիզմ), գեղանկարչական ուղղություն, որն առաջացել է մոտ 1885 թվականին, Ֆրանսիայում (գլխավոր ներկայացուցիչներն են՝ Ժ․ Սյորան և Պ․ Սինյակը) և տարածվել Բելգիայում (Թ․ վան Ռեյսելբերգե), Իտալիայում (Ջ․ Սեգանտինի) են։ Զարգացնելով ուշ իմպրեսիոնիզմի միտումները (առավել ուշադրություն օպտիկական երևույթներին)՝ նեումպրեսիոնիզմի ներկայացուցիչները ձգտել են արվեստ ներմուծել օպտիկայի բնագավառի ժամանակակից հայտնագործությունները՝ դրանով իսկ բարդ տոները մաքուր գույների մեջ տարրալուծելու եղանակներին տալով կանոնական բնույթ։ Նեոիմպրեսիոնիզմի վարպետները ջանացել են հաղթահարել իմպրեսիոնիստական կոմպոզիցիաների դիպվածայնությունը, հատվածայնությունը, դիմել են հարթային-դեկորատիվ լուծումների։ Այդուհանդերձ նեոիմպրեսիոնիզմի դատողական մեթոդը հաճախ հանգեցրել է սառն ինտելեկտուալիզմի, կերպարների որոշ վերացականության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 226)։