Jump to content

Հրեական հարսանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանդական նիսուին Արևելյան Եվրոպայում, 19-րդ դար
Հրեական հարսանիք Մոսկվայում
Ուղղափառ հրեական հարսանիք Վիեննայի առաջին թաղամասում, 2007 թ.
Խուպա Վաշինգտոնի 6-րդ և 1-ին սինագոգում

Հրեական հարսանիք (եբրայերեն՝ חופה וקידושין‎), հարսանեկան արարողություն հրեական ավանդույթներով։ Հարսանիքի հիմնական բաղկացուցիչ մասը համարվում է հրեական ամուսնության երկրորդ փուլը` նիսուինը։ Նիսուին կատարելու համար զույգը պետք է կանգնի խուպայի` ամուսնական ամպհովանու տակ, չնայած հրեական հարսանիքը համարվում է կայացած նաև խուպայի բացակայության պայմաններում։ Այնուամենայնիվ գոյություն ունեն նաև այլ կարծիքներ[1][2]։

Ուղղափառ հուդաիզմի կանոններով ավանդական խուպաները խորհուրդ է տրվում տեղադրել բաց երկնքի տակ[3]։ Եթե ամուսնության արարողությունը անցկացվում է ներսում, կամ դահլիճում ապա երբեմն պատրաստում են հատուկ անցք, որը բացվում է արարողության ժամանակ։ Շատ հասիդներ նախընտրում են ողջ արարողությունն անցկացնել բաց երկնքի տակ։ Ասում են, որ այդ դեպքում նորապսակների նախնիները ներկա են գտնվում խուպայի արարողությանը[4]։

Խուպա բառն առաջին անգամ օգտագործվել է Հին Կտակարանում (Իսոիլ 2:16, Սաղմոսարան 19:5)։ Աբրահամ Պ. Բլոխը պնդում է, որ խուպա տերմինի և ամուսնական արարողության միջև կապը «կարող է ի հայտ եկած լինել մինչև Աստվածաշունչը», սակայն «խուպայի արտաքին տեսքն ու կրոնական նշանակությունը այդ ժամանակից ի վեր զգալի փոփոխությունների են ենթարկվել»[5]։

Աստվածաշնչյան ժամանակներում զույգն ամուսնության արարողությունն ավարտում էր սենյակում[6]։ Թալմուդյան ժամանակներում սենյակը, որտեղ ավարտվում էր ամուսնությունը, կոչվում էր խուպա[7]։ Բաբելոնյան Թալմուդում առկա է ամուսնական ամպհովանու մասին հիշատակություն (Գիտտին 57ա). «Ավանդույթ կար, երբ տղա էր ծնվում, մայրի էին տնկում, երբ ծնվում էր աղջիկ, տնկում էին սոճի, իսկ երբ նրանք ամուսնանում էին, ծառերի ճյուղերը կտրում էին և դրանից պատրաստում ամուսնական ամպհովանի»։

Հրեական ամուսնությունները բաղկացած են երկու մասից, նշանադրության արարողություն, որը հայտնի է, որպես էրուսին կամ կիդդուշին և բուն ամուսնության արարողությունը, որը հայտնի է նիսուին անվանումով։ Առաջին արարողությունը (երբ փեսան նշանադրության մատանի է հանձնում հարսնացուին) արգելում է հարսնացուին «շփվել» այլ տղամարդկանց հետ և չի կարող չեղարկվել առանց կրոնական ամուսնալուծության (գետ)։ Երկրորդ արարողությունը թույլ է տալիս հարսնացուին «շփվել» իր ամուսնու հետ։ Սկզբում երկու արարողությունները սովորաբար կատարվում էին առանձին[1]։ Նշանադրության արարողությունից հետո հարսնացուն բնակվում էր իր ծնողների հետ, մինչև բուն ամուսնության արարողությունը, որն անցկացվում էր նախապես կահավորված դահլիճում կամ վրանում։ Արարողության ավարտից հետո հարսը և փեսան մեկ ժամ անցկացնում էին սովորական սենյակում, այնուհետև հարսը մտնում էր խուպա և թույլտվություն ստանալուց հետո փեսան միանում էր նրան[7]։

Միջնադարում այս երկու փուլերը սկսեցին միավորվել մեկ արարողության մեջ (որը, սկսած 16-րդ դարից, դարձավ «գրեթե համընդհանուր հրեական ավանդույթ»[8]), և խուպան կորցրեց իր նախնական նշանակությունը` հետագայում փոխարինվելով այլ զանազան ավանդույթներով[8]։ Հետթալմուդյան ժամանակաշրջանում խուպայի կիրառումը վերացավ[7] և տարածում ստացավ «միացյալ արարողության կատարումը ամուսնական ամպհովանու ներքո, որը հետագայում ստացավ խուպա անվանումը և հասնացուի մուտքը ամպհովանի ընկալվեց որպես ամուսնության հաստատման խորհրդանիշ»[9]։ Ամպհովանին «զուգորդվեց սենյակի հետ»[7]։

Խուպան խորհրդանշում է հրեական տունը, որը ներկայացված է գործվածքե ամպհովանիով և չորս սյուներով։ Ճիշտ այնպես, ինչպես խուպան է բացված չորս կողմից, այնպես էլ Աբրահամի վրանն էր բաց, որպես հյուրընկալության նշան։ Այսպիսով խուպան մարմնավորում է սիրալիր ընդունելությունը հյուրերի հանդեպ։ Այս «տունը» ի սկզբանե զուրկ էր կահույքից, որը նշան էր այն բանի, որ հրեական տան հիմքը ոչ թե ունեցվածքն է, այլ այնտեղ ապրող մարդիկ։ Հոգևոր իմաստով խուպայի ծածկոցը մարմնավորում էր այն, որ ամուսնական ուխտը հովանավորվում է Աստծո կողմից։ Ինչպես կիպան էր խորհրդանշում Աստծո ներկայությունն ամեն բանում (ինչպես նաև Աստծուց տարանջատման խորհրդանիշ), այնպես էլ խուպան կառուցվել է այնպես, որ ամուսնության արարողությունը և ծիսակարգն ունեն աստվածային ծագում։ Առաջինը փեսան է մտնում խուպա, ինչը նշանակում է տանը տիրապետողը նա է։ Երբ հարսն է մտնում խուպա, նշանակում է, որ փեսան նրան կացարան և հագուստ է տալիս՝ այդպիսով ցուցադրելով նրա հանդեպ իր նոր պարտականությունները[10]։

Ծիսակատարության փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսնացուին ծածկել և փեսայի շրջայց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշկենազյան համայնքներում մինչև խուպա մտնելը փեսան ծածկում էր հարսի երեսը (սովորաբար քողով, որը իդիշերենով հայտնի է բադակեն, իսկ եբրայերենով՝ հինումա անվանումով)։ Հաճախ հարսնացուի համար աղոթք է կարդացվում Ծննդոցից, Ռեբեկայի խոսքերով 24:60[11]։ Այս ավանդույթի ծագումը և նրա նախնական նպատակը վիճարկվում են։ Ենթադրվում է, որ խուպա նշանակում է «հարսնացուի դեմքի քողարկում» և այդպիսով ամուսնական զույգի քողարկում։ Մյուսները ենթադրում են, որ դրա նպատակն է հնարավորություն տալ շրջապատողներին դիտելու քողարկման գործընթացը, դրանով իսկ ձևավորելով տունը և ընտանիքը համայնքում, որն էլ հանդիսանում է հարսանիքի հանրային մասը։ Ընդունված կարծիք կա այն մասին, որ դա հիշեցնում է հրեական ժողովրդին, թե ինչպես Լաբանը խաբեությամբ ստիպեց Իակովին ամուսնանալ Լիի հետ, Ռախիլից առաջ, քանի որ հարսնացուի դեմքը ծածկված էր քողով (տես Վաեցե (շաբաթական գլուխ))[12]։ Սեֆարդյան համայնքներում հինուման չի կիրառվում։ Դրա փոխարեն խուպայի տակ զույգը պտտվում է թալլիթի շուրջը։

Շատ համայնքներում փեսացուին խուպայի տակ էին ուղեկցում երկու հայրերը, իսկ հարսնացուին՝ երկու մայրերը[13], որոնց կոչում էին ունտերֆիրերներ (բառացի՝ «նրանք, ովքեր առաջնորդում էին»)։

Մտնելով խուպայի տակ՝ հարսնացուն ավանդույթի համաձայն երեք կամ յոթ անգամ պտտվում էր փեսայի շուրջը։ Այդ ավանդույթը սկիզբ է առել Երեմիա մարգարեից 31:22։ «Կինը թող պտտվի տղամարդու շուրջը»։ Երեք շրջանները ներկայացնում են ամուսնության երեք առաքելությունները՝ բարեպաշտությունը, արդարությունը և սիրառատ բարությունը (տես Հովս. 2:21): Յոթ շրջանը գալիս է աստվածաշնչյան հասկացությունից, յոթ թիվը նշանակում է կատարելություն կամ ամբողջականություն[13]։ Սեֆարդիստ հրեաները չեն կատարում այս արարողությունը[14]։

Մատանիների հանձնում (նշանադրություն)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական հարսանիքներում նշանադրությունից առաջ կարդացվում են երկու օրհնություններ` օրհնություն գինու վրա և նշանադրության օրհնություն, ինչպես նշված է Թալմուդում[15]։ Այնուհետև զույգը համտեսում է գինին[16]։ Փեսան հարսին է հանձնում մատանին և հանդիսավոր հայտարարում է՝ Ահա այս մատանիով դու նվիրվում ես ինձ, համաձայն Մովսեսի և Իսրայելի օրենքի։ Փեսան հագցնում է մատանին հարսի աջ ցուցամատին։ Հրեական ավանդական օրենքի համաձայն երկու իրավասու վկաներ պետք է տեսնեն, թե ինչպես է փեսան հագցնում մատանին[16]։

Որոշ հավասարապաշտ ամուսնությունների ժամանակ հարսը նույնպես մատանի է հանձնում փեսային[17][18], հաճախ Երգ Երգոցից երգելով մի հատված, «Ани ль’доди, вэ доди ли» (ես պատկանում եմ իմ սիրեցյալին և իմ սիրեցյալը պատկանում է ինձ), որը կարող է նաև փորագրված լինել մատանու վրա[19]։ Երբեմն այս մատանին հանձնվում է խուպայից դուրս, որպեսզի խուսափեն հրեական օրենքների հետ տարաձայնություններից[20][21][22]։

Յոթ օրհնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևա բրախոտը կամ յոթ օրհնությունները կարդացվում են խազզանի, ռաբբիի կամ էլ ընտրված հյուրերից մեկի կողմից, որոնցից յուրաքանչյուրը հրավիրվում է առանձին։ Յոթ օրհնություններից մեկը կարդալու համար հրավիրված լինելը մեծ պատիվ է։ Փեսային տալիս են մի գավաթ գինի, որը նա խմում է յոթ օրհնություններից հետո։ Հարսն էլ է խմում այդ գինուց։ Որոշ ավանդույթների համաձայն գավաթը փեսայի շրթունքներին է մոտեցնում աները, իսկ հարսի շրթունքներին՝ նրա սկեսուրը[23]։ Ինչ վերաբերվում է յոթ օրհնություններից առաջ հնչող երգերին, ապա ավանդույթները տարբերվում են։

Բաժակ կոտրել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական հարսանեկան արարողությունների բնորոշ դրվագներից մեկն է համարվում հարսի մատանին դնելուց կամ հարսանիքի ավարտից հետո բաժակի կոտրելը։ Բաժակը որպես կանոն (անվտանգության համար), փաթաթվում է կտորով կամ փայլաթիթեղով, փեսան աջ ոտքով կոտրում է այն, իսկ հյուրերը բղավում են «Մազել Թով» («Երջանիկ ճակատագիր»)։ Ժամանակակից պայմաններում հաճախ բաժակի փոխարեն օգտագործում են համապատասխան չափի շիկացման լամպեր, որոնք հեշտ են կոտրվում և բարձր ձայն են հանում[24]։

Արարողության այս հատվածի ծագումը ստույգ հայտնի չէ, այն սովորաբար բացատրվում է հարսանեկան չափավոր ուրախության հետ մեկտեղ հրեա ժողովրդի պատմական ողբերգությունների հիշատակություն[25]։ Այս «հասկացողությունը» սովորաբար վերաբերվում է Թալմուդի ռաբբիների մասին երկու դրվագների, որոնք իրենց որդիների հարսանիքին սպասքի պարագաներ էին կոտրում, որպեսզի չափավորեն հարսանյաց խանդավառությունը։ Առավել հայտնի է այն տարբերակը, որ բաժակը կոտրվում է ի հիշատակ Երուսաղեմի կործանված տաճարի, դա ընդգծվում է նրանով, որ փեսան (եբրայերեն կամ մայրենի լեզվով) արտասանում է ՏԱՆԱԽ-ի 136/137-րդ սաղմոսներից 5-6 բանաստեղծություն, որոնցից հայտնի են հետևյալ տողերը «… Եթե ես մոռանամ քեզ, ով Երուսաղեմ, թող մոռանա ինձ իմ աջ ձեռքը …»[26]: Հայտնի են նաև արարողության այլ մեկնաբանություններ[25]։

Իսրայելի նախկին գլխավոր սեֆարդիստ ռաբբի Օվադյա Յոսեֆը քննադատում էր այն հանգամանքը, որ այդ արարողությունը սովորաբար կատարվում է «կիսաավանդական» հարսանիքներում, «Շատ մարդիկ, չունենալով անհրաժեշտ գիտելիքներ, ծիծաղում և գոռում են «Մազել թով» բաժակը կոտրելու ժամանակ, Երուսաղեմի տաճարի կործանման հետ կապված մեր վշտի արտահայտման արարողությունը դարձնելով թեթևամտության առարկա»։ Նրա կարծիքով շատ դեպքերում նպատակահարմար կլիներ չկատարել այդ արարողությունը, խեղաթյուրելով նրա իմաստը[27]։

Փեսան կոտրում է բաժակը

Պարերը հրեական հարսանիքներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարերը Խուպայի գլխավոր արարողություններից մեկն են։ Հյուրերը ավանդաբար պարում են նստած զույգի առջև և զվարճացնում նրանց[28]։ Գոյություն ունեն պարերի տարբեր տեսակներ`

  • «Միցվա», որի ժամանակ ընտանիքի անդամները և հարգարժան ռաբբիները հրավիրում են պարելու հարսի առաջ (կամ էլ հարսի հետ, եթե պարում են հայրը կամ պապը)՝ հաճախ պահելով հատուկ գոտիներ, իսկ հետո պարում են փեսայի հետ։ Վերջում միասին պարում են հարսն ու փեսան։
  • «Կրենզլ», որի ժամանակ հարսի մորը շրջապատում են ծաղկեպսակներով, իսկ աղջիկները պարում են նրա շուրջը (ըստ ավանդույթի՝ վերջին չամուսնացած աղջկա հարսանիքին)։
  • «Միցինկե», պար հարսի կամ փեսայի ծնողների համար, երբ ամուսնանում է նրանց վերջին երեխան։
  • «Խորա», մերձավոր արևելյան/իսրայելական պար[29], սովորաբար կատարվում է, որպես երկրորդ հերթի պար։
  • «Հարսնացուի զվարճանք», որի ժամանակ հյուրերը պարում են հարսի շուրջը, օգտագործելով «սվիններ», հիմարավուն պարագաներ` կրծքանշաններ, դրոշներ, հագուստներ, կոնֆետներ և անձեռոցիներից պատրաստված ոստյունաթոկեր։

Բիրկատ Խամազոն և շեվա բրախոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտելուց հետո ընթերցվում է Բիրկատ Խամազոն (Օրհնություն ուտելուց հետո), իսկ դրանից հետո շևա բրախոտ։ Հարսանեկան ճաշկերույթում Բիրկատ Խամազոնին նախորդող օրհնությունների տեքստը փոքր ինչ տարբերվում է ամենօրյա տարբերակից[30]։ Հյուրերին տրվում են աղոթքի գրքույկներ, որոնք կոչվում են բենչերներ։ Աղոթքներից հետո ընթերցվում է օրհնություն գինու վրա, որի ընթացքում երկու բաժակ գինին լցվում է երրորդ բաժակի մեջ, որն էլ խորհրդանշում է նոր համատեղ կյանքի ծնունդը[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Kaplan, Rabbi Aryeh (1983). Made in Heaven, A Jewish Wedding Guide. New York / Jerusalem: Moznaim Publishers., Chapter 18
  2. Aside from Chuppah, it can also be accomplished by consummation; however, this is discouraged (Kaplan, Ibid.).
  3. The Chupah — Marriage Canopy on Chabad.org
  4. «Streaming Video For Weddings in Israel». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  5. Abraham P. Bloch, The Biblical and historical background of Jewish customs and ceremonies (KTAV Publishing House, Inc., 1980), p. 31-2
  6. Быт 24:67
  7. 7,0 7,1 7,2 7,3 Abraham P. Bloch, The Biblical and historical background of Jewish customs and ceremonies (KTAV Publishing House, Inc., 1980), p. 32
  8. 8,0 8,1 Rabbi John Rayner, Guide to Jewish Marriage (London: 1975), p. 19
  9. Rabbi John Rayner, Guide to Jewish Marriage (London: 1975), p. 19-20
  10. Levush, 54:1; Aruch HaShulchan, 55:18.
  11. «Veil — Jewish Encyclopedia». և A guide to the marriage ceremony
  12. Made in Heaven, A Jewish Wedding Guide by Rabbi Aryeh Kaplan, Moznaim Publishing Company, New York / Jerusalem, 1983, Chapter 17
  13. 13,0 13,1 A guide to the marriage ceremony
  14. Made in Heaven, A Jewish Wedding Guide by Rabbi Aryeh Kaplan, Moznaim Publishing Company, New York / Jerusalem, 1983, Chapter 19
  15. Ketuboth 7b
  16. 16,0 16,1 Made in Heaven, A Jewish Wedding Guide by Rabbi Aryeh Kaplan, Moznaim Publishing Company, New York / Jerusalem, 1983, Chapters 20 and 21
  17. «Jewish Wedding Ring». Judaism.about.com. 2009 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  18. «Wedding Vows: Jewish Wedding VowsTheKnot.com». Wedding.theknot.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  19. «Shalom! Rabbi Dina-Hasida Mercy on Marriage». Rabbi-mercy.com. 2009 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  20. «June 2010, Rethinking Jewish Weddings». Shmadigital.com. 2010 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  21. Chaplain (CPT) Shlomo Shulman (2001 թ․ հունիսի 30). «Guide to the Jewish Wedding: Jewish wedding program, jewish wedding traditions, Chuppah, Ketubah». Aish.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  22. «Jewish wedding guide». SomethingJewish.co.uk. 2012 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  23. «The Jewish Wedding». Beingjewish.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  24. Amy Newman Smith, «Get smashed… & mazel tov»(անգլ.) в Cleveland Jewish News.
  25. 25,0 25,1 Rabbi Aryeh Kaplan, «Made in Heaven: A Jewish Wedding Guide», Moznaim Publishing Company, New York / Jerusalem, 1983, главы 20 и 22.
  26. Rabbi Maurice Lamm, «The Jewish Way in Love & Marriage», Harper&Row, 1980, глава 15.
  27. ««Senior Israeli Rabbi Slams „Breaking of the Glass" at Weddings»». Israel National News. 2010 թ․ փետրվարի 13. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  28. 28,0 28,1 Wedding receptions: Jewish Reception Rituals
  29. «Jewish Wedding Dances Videos». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  30. Birkat Hamazon

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական հարսանիք» հոդվածին։