Բարբառ
Բարբառ, լեզվի ճյուղավորումը հանդիսացող համակարգ, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Եվ քանի որ տվյալ լեզվի բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, այդ պատճառով հաճախ ասում են տեղային կամ տերիտորիալ բարբառ[1]։ Հանդես է գալիս որպես առօրյա-կենցաղային հաղորդակցման և բանավոր ստեղծագործության միջոց։ Բարբառը բնութագրվում է տարածքային ու գործառական սահմանափակությամբ, զարգացման նվազ հեռանկարով, ստորադաս վիճակով։ Լեզվի և բարբառի սահմանազատման չափանիշները հաճախ արտալեզվական են, չեն հիմնվում ներկառուցվածքային տարբերությունների վրա։ Լեզվական երկու մոտ համակարգեր, անկախ մերձավորության ու փոխհասկանալիության աստիճանից, բարբառներ են, եթե նրանց կրողներն ունեն միասնական էթնիկական ինքնագիտակություն ու ինքնանվանում և, ընդհակառակը, լեզուներ են, եթե նրանց կրողներն իրենց համարում են տարբեր ժողովուրդներ։ Նոր հայերենի շատ բարբառներ (Ագուլիսի, Առտիալի, Համշենի, Սվեդիայի) միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն։
Բարբառների առաջացման պատճառներն են՝ լեզվական հանրությունների տարանջատումը, միախառնումը, վերաբնակեցումը, աշխարհագրական խոչընդոտները, վարչական բաժանումները, դավանափոխությունը, այլալեզու միջավայրը։ Համազգային շրջանում բարբառները վերաճում են լեզվի տարածքային-սոցիալական տարբերակի և գրական լեզվի ուժեղ ազդեցության տակ կորցնում են իրենց հիմնական տարբերակիչ հատկանիչները։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Մերձակից բարբառները կազմում են բարբառախմբեր։
Հայերեն բարբառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն բարբառների թիվը շուրջ 50 է։ 1915 թ.-ի Մեծ Եղեռնի և տեղահանության հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան։
Ստորև բերված են հայերեն բարբառներից մի քանի օրինակ. Հովհաննես Թումանյանի Գիքոր պատմվածքի սկիզբը ներկայացված է տարբեր բարբառներով, ըստ Հ. Ա. Հարությունյանի «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գրքի։
Բնօրինակը
Մարտունու բարբառ (Վարդենիկի)
«Գեղացի Համբոյ տուն կռիվ էր հնգե։ Համբոն գուզեր հուր տըսներկու տարեկան Գիքորին տանա քաղաք, մե գործի տա, օր մարթ դառնա, աշխատանք էնա։ Կնիկ ջամաձայնվեր։ -Ջուզեմ, իմ քոռփա ճժուն էտ անիծվուկ աշխար մի թալ, ջուզեմ, -գիլեր կնիկ։ Բայց Համբոն անգաճ չէրեց»։
Վարդենիսի բարբառ
«Գեղցի Համբոյ տուն կռիվ էր հընգե։ Համբոն հուզում էր հուրա տասներկու տարեկան Գիքորին տաներ քաղաք, մե գ'öրծի տեր, օր իսան դ'առնա, գ'öրծ էնա։ Կնիկ ջամաձայնվեր։ -Չեմ հուզէ, իմ քöռփա ճըժուն էտ անիծվուկ աշխար մի թալ,-լալում էր կնիկ։ Բայց Համբոն չ՚լսում էր։»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1-ին, Երևան, 1990 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 310)։ |