Jump to content

Ողնուղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողնուղեղ
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասկենդանական օրգան, organ component of neuraxis?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էկենտրոնական նյարդային համակարգ[2] և Ողնաշար
Կազմված էcervical cord?, thoracic cord?, lumbar cord?, sacral cord? և coccygeal cord?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
spinal cord development?
Միանում էգլխուղեղ
MeSHA08.186.854
Foundational Model of Anatomy7647
Terminologia Anatomica 98A14.1.02.001
Նկարագրված էԲրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և 1911 Encyclopædia Britannica
 Spinal cord Վիքիպահեստում

Ողնուղեղը (լատին․՝ medulla spinalis) կազմում է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բաժիններից մեկը։

Ողնուղեղի զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղը ֆիլոգենետիկորեն (նշտարիկի իրանային ուղեղը) երևան է գալիս նյարդային համակարգի զարգացման երրորդ էտապում (խողողակավոր նյարդային համակարգ)։ Այդ ժամանակ գլխուղեղ դեռևս չկա, ուստի իրանային ուղեղը ունի օրգանիզմի բոլոր պրոցեսները՝ և վեգետատիվ, և անիմալ (ընդերային և մարմնային կենտրոններ) կարգավորող կենտրոններ։ Մարմնի հատվածավոր կառուցվածքին համապատասխան իրանային ուղեղն ունի հատվածավոր կառուցվածք։ Այն բաղկացած է իրար միացած նևրոմերներից, որոնց սահմաններում միակցվում է պարզագույն ռեֆլեկտոր ուղեղը։ Մետամեր կառուցվածք ունի նաև մարդու ողնուղեղը, որով և պայմանավորված է նրա օրգանիզմում գոյություն ունեցող կարճ ռեֆլեկտոր ուղեղի առկայությունը։

Ձկների գլխուղեղի հանդես գալու (ցեֆալիզացիայի էտապ) և հետագա զարգացմանը զուգընթաց ցամաքային կենդանիների գլխուղեղում հանդես է գալիս ամբողջ օրգանիզմը կարգավորող բարձրակարգ կենտրոններ, իսկ ողնուղեղը ընկնում է ենթակա դրության մեջ։ Ողնուղեղը մնում է ոչ միայն որպես հատվածային ապարատ, այլև դառնում է ծայրամասից գլխուղեղ և հակառակ ուղղությամբ գրգիռներ հաղորդող օրգան, և նրա մեջ են զարգանում երկկողմանի կապերը գլխուղեղի հետ։ Որքան շատ է զարգանում գլխուղեղը. այնքան ողնուղեղի զարգացումը ավելի շատ է կախված մնում նրանից։ Օրինակ՝ գլխուղեղի կեղևի և նրա մեջ գտնվող շարժիչ նեյրոնների (բացի բրգային բջիջների) զարգացմանը զուգընթաց զարգանում են նրանից սկսվող թելերի համակարգերը (բրգային համակարգ)։ Քանի որ նոր կեղևն առաջանում է կաթնասուների մոտ, ուրեմն բրգային համակարգը ողնուղեղում հանդես է գալիս միայն այդ կենդանիների մոտ և կատարյալ զարգացմանն է հասնում մարդու մոտ՝ մեծ ուղողի կեղևի ամենաբարձր զարգացմանը համապատասխան, որտեղից և սկիզբ է առնում բրգային ուղին։ Այսպիսով, ողնուղեղի էվոլուցիայի ընթացքում առաջանում են երկու ապարատներ՝ մեկը ավել հին, ողնուղեղի սեփական կապերի հատվածավոր ապարատն է, իսկ երկրորդը՝ ավելի նոր, գլխուղեղի հետ կապվող երկկողմանի հաղորդչական ուղիների ապարատը։ Կառուցվածքի այսպիսի սկզբունք նկատվում է նաև մարդու մոտ։

Իրանային ուղեղի առաջացման գործում վճռական գործոն է հանդիսանում շարժման միջոցով շրջապատի միջավայրին հարմարվելը։ Ուստի ողնուղեղի կառուցվածքը ցույց է տալիս կենդանու տեղաշարժման միջոցը։ Օրինակ, սողունների (չունեն վերջույթներ և սողում են ամբողջ մարմնով. օրինակ, օձերը) ողնուղեղն ամբողջ երկարությամբ զարգացած է հավասարաչափ և չունի հաստացումներ։ Վերջույթերից օգտվող կենդանիների մոտ առաջանում են երկու հաստացումներ, ընդ որում, եթե ավելի զարգացած են առջևի վերջույթները (օրինակ, թռչունների թևերը), ապա գերակշռում է ողնուղեղի առաջային (վզային) հաստացումը, եթե ավելի զարգացած են հետին վերջույթները (օրինակ, ջայլամինը), ապա մեծացած է հետին (գոտկային) հաստացումը, իսկ եթե քայլելուն մասնակցում են և’ առաջին, և’ հետին վերջույթները հավասարապես (չորքոտանի կաթնասուններ), ապա երկու հաստացումներն էլ զարգացած են միատեսակ։ Ձեռքի, որպես աշխատանքի օրգանի, ավելի բարդ գործունեության հետ կապված մարդու ողնուղեղի պարանոցային հաստացումն ավելի է զարգացել, քան գոտկայինը։

Ֆիլոգենեզի նշված գործոնները դեր են խաղում նաև ողնուղեղի օնտոգենեզում։ Ողնուղեղը զարգանում է ուղեղային խողովակի հետին հատվածից (առջևինից զարգանում է գլխուղեղը)։ Խողովակի ներքին մակերեսին, նրա յուրաքանչյուր կողքային պատի վրա ի հայտ են գալիս սահմանային ակոսներ (sulcus limitans), որոնք խողովակը ներսից բաժանում են փորային ու մեջքային մասերի։ Փորային բաժնից գոյանում են ողնուղեղի գորշ նյութի առաջնային սյուները (շարժիչ նեյրոնների բջջային մարմինները), նրանց հպված երկայնաձիգ նյարդաթելերի խրձերը և նշված նեյրոնների ելունները (շարժիչ արմատները)։ Մեջքային բաժնից առաջանում են գորշ նյութի հետի սյուները (զգացող նեյրոնների բջջային մարմինները), հետին պարանները (նեյրոնների ելունները)։

Այսպիսով, ուղեղային խողովակի փորային մասը սկզբնական շարժիչ շրջանն է, իսկ մեջքայինը՝ սկզբնական զգացողը։

Պետք է նկատել, որ ուղեղային խողովակի պատերի ներքին երեսով ձգվող սահմանային ակոսները (sulcus limitans) շարունակվում են նաև խողովակի գանգային մասի մեջ, այսնպես որ այդ բաժանումն զգացող և շարժիչ շրջանների տարածվում է ուղեղային խողովակի ամբողջ երկարությամբ և պահպանվում է գլխուղեղի ցողունի մեջ։

Երբ խողովակի կողմնային պատերը հաստանում են, նրա մեջքային և փորային պատերը ձգվում են ու խրվում նրանց արանքը. նրանք հետագայում առաջացնում են ողնուղեղի առաջային և հետային կպուկները, որոնք իրար են կապում ողնուղեղի աջ ու ձախ կեսերը։ Փորային և մեջքային մասերի համեմատությամբ կողմնային պատերի այդպիսի հաստացման շնորհիվ ողնուղեղն արտաքինից երկու երկայնաձիգ ակոսներով բաժանվում են աջ ու ձախ կեսերի։ Ուղեղային խողովակի պատերի աճման շնորհիվ նրա խոռոչը (կենտրոնական խողովակը) աստիճանաբար տեղ-տեղ նեղանում են, հատկապես պոչային ծայրում, և խցանվում է այնպես, որ այստեղ նյարդային հյուսվածքից առաջանում է մի բարակ երկորուկ՝ ապագա սահմանային կամ տերմինալ թելը (filium terminale)։

Սկզբում՝ ներարգանդային կյանքի երրորդ ամսում, ողնուղեղը գրավում է ամբողջ ողնաշարի խողովակը, այնուհետև ողնաշարն սկսում է ավելի արագորեն աճել, քան ողնուղեղը, որի հետևանքով վերջինիս ծայրը աստիճանաբար տեղափոխվում է վեր (գանգի ուղղությամբ), ըստ որում սահմանային թելը ձգվում է որպես բարակ թել։ Ծնվելու ժամանակ ողնուղեղի ծայրը գտնվում է գոտկային III ողնի բարձրության վրա, իսկ հասուն մարդունը հասնում է I և II գոտկային ողների բարձրությանը։ Ողնուղեղի այդ ձևի բարձրացման շնորհիվ (ascensus medullae spinales) նրանից դուրս եկող նյարդամատները ընդունում են թեք ուղղություն։

Ողնուղեղի անատոմիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղի արտաքին կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ողնուղեղի լայնական կտրվածքը

Ողնուղեղ (medulla spinalis). չափահասների ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում և առջևից հետ տափակացած մի երկար գլանաձև մարմին է (տղամարդկանց մոտ 45 սմ, կանանց մոտ՝ 41-42սմ), որը դեպի վեր (գլխի ուղղությամբ) անմիջապես փոխվում է երկարավուն ուղեղի, իսկ ներքևում (պոչի ուղղությամբ)՝ գոտկային II ողնի մակարդակում վերջանում է սրածայր ուղեղային կոնով (conus medullaris)։ Այս փաստի գիտենալը ունի գործնական նշանակություն (որպեսզի ողնուղեղային հեղուկ վերցնելու կամ ողնուղեղի անզգայացման նպատակով գոտկային պունկցիայի ժամանակ ողնուղեղը չվնասեն, հարկավոր է ներարկիչի ասեղը մտցնել III և IV ողների փուշ ելունների արանքը)։ Conus medullaris – ից դուրս է գալիս սահմանային թելը (filium terminale), որը ողնուղեղի ստորին հետ աճած մասն է և վերին մասում է միայն ուղեղային նյութ պարունակում, ներքևում կազմված է ողնուղեղի պատյանների շարունակությունից։ Իր ստորին ծայրով ծայրային թելը կպչում է պոչուկի երկրորդ ողնին։ Ողնուղեղի ամբողջ երկարության վրա կա երկու հաստացում, որոնք համապատասխանում են վերին ու ստորին վերջույթների նյարդարմատներին. սրանցից վերինը կոչվում է պարանոցային (intumesentia cervicalis), իսկ ստորինը՝ գոտկային (intumesentia lumbalis) հաստացում։ Այս երկու հաստացումներից ավելի ծավալուն է գոտկայինը, իսկ ավելի դիֆերենցված՝ պարանոցայինը, որը կապված է ձեռքի, որպես աշխատանքի օրգանի ավելի բարդ նյարդավորման հետ։

Ողնուղեղի յուրաքանչյուր կեսը բաժանում են երեք երկայնաձիգ պարանիկների (ճոպանների)՝ առաջային (funiculus anterior), կողմնային (funiculus lateralis) և հետին (funiculus posterior)։ Հետին պարանիկը պարանոցային և վերին կրծքային բաժիններում (մոտավորապես Th5 սեգմենտի մակարդակին) մի միջանկյալ ակոսով՝ sulcus intermedius posterior, բաժանվում է երկու խրձերի՝ Գոլլի (fusciculus gracilis) և Բուրդախի (fusciculus cuneatus)։ Այս խրձերը նույն անուններով վերևում անցնում են երկարավուն ուղեղի հետին երեսը։

Ողնուղեղի վերը նշված կողմնային ակոսներից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները։ Յուրաքանչյուր նյարդարմատ բարակ նյարդաթելերի մի խուրձ է. նյարդաթելերը կազմված են նյարդային բջիջների ելուստներից։

Առաջնային նյարդարմատը (radix dorsalis s. anterior) դուրս է գալիս առաջային կողմնային ակոսից և կազմված է շարժիչ նեյրոնի նեյրիտներից (կենտրոնախույս կամ էֆերենտ), որոնց բջիջների մարմինները գտնվում են ողնուղեղում, այն դեպքում, երբ հետին կողմնային ակոսից դուրս եկող հետին նյարդարմատը (radix posterior) պարունակում է նեյրոնների զգացող ելուններ (կենտրոնաձիգ կամ աֆերենտ), որոնց մարմինները գտնվում են ողնուղեղի (միջողային) հանգույցներում։

Ողնուղեղից մի փոքր դուրս զգացող և շարժիչ նյարդարմատները, մոտենալով իրար, կազմում են ողնուղեղային նյարդի ցողունը, որը նևրոպաթոլոգները առանձնացնում են պարանիկ անունով (funiculus)։ Պարանիկի բորբոքման դեպքում (ֆունիկուլիտ) միաժամանակ առաջանում են զգացող և շարժիչ շրջանների հատվածային խանգարումներ, արմատների հիվանդությունների ժամանակ (ռադիկուլիտ) նկատվում է միայն մեկ շրջանի՝ կամ զգացող, կամ շարժիչ, հատվածային խանգարում, իսկ նյարդաճյուղերի բորբոքման ժամանակ (նևրիտ) խանգարումը համապատասխանում է տվյալ նյարդի տարածման շրջանին։ Funiculus-ը սովորաբար շատ կարճ է, քանի որ նա շուտ դուրս է գալիս միջողնային անցքից, որից հետո միջողնային նյարդը բաժանվում է իր հիմնական ճյուղերին։

Քանի որ ողնուղեղը ողնաշարային խողովակից կարճ է, նյարդարմատների ծագման տեղը չի համապատասխանում միջողնային անցքերի մակարդակին։ Որպեսզի ընկնեն անցքերի մեջ, նյարդարմատներն ուղղվում են ոչ միայն ուղեղից դուրս, այլև ցած, ընդ որում ողնուղեղում ինչքան ներքևից են սկսվում, այնքան վերընթաց են դառնում։ Գոտկային հատվածում նրանք իջնում են դեպի համապատասխան միջողնային անցքերը սահմանային թելիկին զուգահեռ (filium terminalet) և, շրջապատելով ու ողնուղեղային կոնը (conus medullaris), կազմում են նյարդաթելերի մի խուրձ, որը կոչվում է ձիու պոչ (cauda equina)։

Ողնուղեղի ներքին կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղը կազմված է գորշ նյութից, որը պարունակում է նյարդային բջիջներ, և սպիտակ նյութից, որը կազմված է միելինապատ նյարդաթելերից։

Ողնուղեղի գորշ նյութը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ նյութը տեղավորված է ողնուղեղի կենտրոնական մասում և շրջապատված է սպիտակ նյութով։ Նա կազմում է երկու անկանոն ձևի ուղղաձիգ սյուներ, որոնք տեղավորված են ողնուղեղի աջ ու ձախ կեսերում և միացած են իրար նեղ լայնական գորշ կպուկով (commissura grisea), որի կենտրոնու գտնվում է ողնուղեղի կենտրոնական նեղ խողովակը (canalis centralis )։ Վերջինս անցնում է ողնուղեղի ամբողջ երկարությամբ և պարունակում է ուղեղ – ողնուղեղային հեղուկ (liquor cerebrospinalis)։

Տարիքի հետ միասին կենտրոնական խողովակը (canalis centralis) նեղանում է և տեղ-տեղ խցանվում, այնպես որ 40 տարեկանից հետո (93%-ում) այն դադարում է ամբողջական խողովակ լինելուց։ Canalis centralis-ը գորշ կպուկը բաժանում է երկու մասի՝ առաջնային և հետին (commissura grisea anterior et posterior)։ Ճիշտ նույն ձևով էլ գորշ նյութի յուրաքանչյուր սյան մեջ լինում են 2 սյուներ՝ առաջային և հետին (commissura grisea anterior et columna posterior)։ Ողնուղեղի լայնական կտրվածքների վրա այս սյունակները ունեն եղջյուրների տեսք՝ առաջային լայնացած (cornu anterius) և հետին (cornu posterius) սրացած։ Դրա շնորհիվ գորշ նյութի ընդհանուր տեսքը սպիտակ նյութի ֆոնի վրա նման է H տառի։

Գորշ նյութը բաղկացած է նյարդային բջիջներից, որոնք խմբավորվում են կորիզների ձևով, որոնց դասավորությունը հիմնականում համապատասխանում է ողնուղեղի հատվածային կառուցվածքի և նրա նախնական եռանդամ ռեֆլեկտոր աղեղին։ Այս աղեղի առաջին զգացող նեյրոնը գտնվում է միջողնային հանգույցներում, ծայրամասային ելունը նյարդերի կազմի մեջ գնում է դեպի օրգաններն ու հյուսվածքները, որտեղ կապի մեջ են մտնում ընկալիչների հետ, իսկ կենտրոնական ելունը, մտնելով հետին զգացող նյարդի արմատի մեջ, ողնուղեղի հետին կողմնային ակոսի միջով թափանցում է ողնուղեղի մեջ, որտեղ միանում է հետին եղջյուրների բջիջների հետ։

Ամենաշատ թվով բջիջներ գտնվում են ողնուղեղի պարանոցային հաստուկի առաջային եղջյուրում, որտեղից նյարդավորվում են վերին վերջույթները, որոնք մասնակցում են մարդու աշխատանքային գործունեությանը։ Մարդկանց ձեռքի, որպես աշխատանքի օրգանի, շարժումների բարդացման հետ կապված այդ կորիզները նշանակալի չափով ավելի շատ են, քան կենդանիներինը (ներառյալ նաև անտրոպոիդները)։ Այսպիսով, գորշ նյութի հետին և առջևի եղջյուրներն առնչություն ունեն կենդանական կյանքի օրգանների, հատկապես շարժողական ապարատի նյարդավորման հետ, որի կատարելագործմանը զուգընթաց էվոլուցիայի ընթացքում զարգացել է և ողնուղեղը։

Ողնուղեղի յուրաքանչյուր կեսում առաջային ու հեըտին եղջյուրները միացած են իրար գորշ նյութի մի միջանկյալ շերտով (zona intermedia), որը ողնուղեղի կրծքային ու գոտկային հատվածներում, կրծքային հատվածից մինչև գոտկային II – III հատվածները հատկապես արտահայտված են և դուրս է գալիս կողմնային եղջյուրների ձևով (cornu laterales)։ Դրա հետևանքով գորշ նյութը նշված բաժինների լայնական կտրվածքի վրա նմանվում է թիթռնիկի։

Ողնուղեղի սպիտակ նյութը, ողնուղեղի հաղորդող ուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ նյութը բաղկացած է 3 աղբյուրներից առաջացող նյարդային ելուններից։

  • Միջողնային հանգույցների նյարդային բջիջների (աֆերենտ նեյրոնների) ելուններ։
  • Անմիջապես ողնուղեղի գորշ նյութի բջիջների (միջադիր և էֆերենտ նեյրոնների) ելուններ։
  • Գլխուղեղի բջիջների (էֆերենտ նեյրոնների) ելուններ։

Այս ելունները կազմում են նյարդաթելերի 3 համակարգեր.

  • Ասոցիացիոն թելերի կարճ խրձեր, որոնք միացնում են ողնուղեղի տարբեր

բարձրության հատվածները (աֆերենտ և միջադիր նեյրոններ)։

  • Երկար կենտրոնաձիգ (զգացող, աֆերենտ) թելեր, որոնք կամ կազմում են միջողնային հանգույցներից ծագող հետին արմատների շարունակությունը (աֆերենտ նեյրոններ), կամ սկսվում են ողնուղեղի գորշ նյութից (երկրորդ նեյրոն). թե՛ մեկ և թե՛ մյուս խրձերը բարձրանում են դեպի մեծ ուղեղ կամ ուղեղիկ։
  • Երկար կենտրոնախույս (շարժիչ, էֆերենտ) թելեր, որոնք իջնում են գլխուղեղից

դեպի ողնուղեղ՝ առաջնային եղջյուրի հետ միանալու համար (էֆերենտ նեյրոններ)։

Առաջին համակարգը (կարճ թելերի) պատկանում է ողնուղեղի սեփական ապարատին, իսկ մնացած երկու համակարգերը (երկար թելերի) գլխուղեղի հետ կազմում են երկկողմանի կապի հաղորդչական ապարատը։

Գլխուղեղի հետ երկկողմանի կապերի ապարատը ֆիլոգենետիկորեն ավելի երիտասարդ է, որովհետև առաջացել է միայն այն ժամանակ, երբ ի հայտ է եկել գլխուղեղը։

Վերջինիս զարգացմանը զուգընթաց, զարգանում են նաև հաղորդչական ուղիները, որոնք գլխուղեղը կապում են ողնուղեղի հետ։ Սրանով է բացատրվում այն փաստը, որ ողնուղեղի սպիտակ նյութը բոլոր կողմերից շրջապատում է գորշ նյութը։ Հաղորդչական ուղիների շնորհիվ ողնուղեղի սեփական ապարատը կապվում է գլխուղեղի հետ, որը միավորում է ամբողջ նյարդային համակարգի աշխատանոը։ Նյարդաթելերը խմբավորվում են խրձերի մեջ, իսկ խրձերից կազմվում են անզեն աչքով տեսանելի 3 պարանիկներ՝ հետին, կողմնային և առաջային։

Հետին պարանիկները պարունակում են ողնուղեղային հետին նյարդարմատների թելեր։ Նարանց մեջ կարելի է առանձնացնել 3 համակարգեր։

  • Նազելի խուրձ (Գոլլի) (fasciculus gracilis Golli)
  • Սեպաձև խուրձ (Բուրդախի) (fasciculus cuneatus Burdachi)
  • Թիկնային սեփական խրձեր (fasciculus propril dorsales)

Կողմնային պարանիկները պարունակում են հետևյալ խրձերը.

  • Վերել ուղիներ.

Դեպի հետին ուղեղը.

  • Ողնուղեղ – ուղեղիկային հետին (ֆլեքսիգյան) խուրձ (tractus

spinocerebellaris posterior)

  • Ողնուղեղ – ուղեղիկային առաջային (Հովերսի) ուղի (tractus spinocerebellaris anterior)

Դեպի միջին ուղեղը.

  • Ողնուղեղ – ծածկային ուղի (tractus spinotectalis)

Դեպի միջանկյալ ուղեղը.

  • Ողնուղեղ – տեսաթմբային կողմնային ուղի (tractus spinothalamicus tateralis)
  • Ողնուղեղ – տեսաթմբային առաջային ուղի (tractus spinocerebellaris anterior)
  • Վայրէջ ուղիներ.

Մեծ ուղեղի կեղևից.

  • Կեղև - ողնուղեղային կողմնային ուղի (կամ կողմնային բրգային ուղի) (tractus corticospinalis (pyramidalis) lateralis)

Միջին ուղեղից.

  • Կարմիր կորիզ - ողնուղեղային ուղի (կամ Մոնակովի խուրձ) (tractus rubrospinalis (Monakow))

Հետին ուղեղից.

  • Օլիվաողնուղեղային ուղի (tractus olivospinalis)
  • Սեփական խուրձ (fasciculus proprius lateralis)

Առաջնային պարանիկները պարունակում են վայրէջ ուղիներ։

Գլխուղեղի կեղևից.

  • Կեղև - ողնուղեղային առաջային ուղի (կամ առաջանին բրգային ուղի) (tractus coricospinalis (pyramidalis) anterior):

Միջին ուղեղից.

  • Ծածկա - ողնուղեղային ուղի (tractus tectospinalis)
  • Նախադուռ – ողնուղեղային ուղի (tractus vestibulospinalis)
  • Ցանցաողնուղեղային ուղի (tractus reticulospinalis)
  • Սեփական խուրձ (fasciculi proprii ventrales)

Ողնուղեղի պատյանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղը պատվում է երեք շարակցահյուսվածքային պատյաններով, որոնք առաջանում են մեզոդերմից՝ ուղեղային խողովակի շուրջը։ Այս պատյանները դրսից ներս հետևյալներն են՝ կարծր պատյան կամ կարծրենի (dura mater s. pachymenix), ոստայնային պատյան կամ ոստայնենի (arachgnoidea) և անոթային պատյան կամ նրբենի (pia mater)։ Վերջին երկու պատյանները, հակառակ առաջինի, կոչվում են նաև փափուկ պատյաններ։ Գլխի շրջանում երեքն էլ դառնում են գլխուղեղի պատյաններ։

  • Ողնուղեղի կարծրենին (dura mater spinalis) երկար, սպիտակավուն, ամուր պարկի

նման պատում է ողնուղեղը դրսից։ Այն սերտորեն չի հպված ողնաշարի խողովակի պատերին, որոնք ծածկված են սեփական շրջոսկրով (edrorachis)։ Վերջինս կոչվում է նաև կարծր թաղանթի արտաքին թերթիկ։ Endorachis – ի և կարծրենու միջև գոյանում է էպիդուրալ տարածությունը (cavum epidurale)։ Նրա մեջ գտնվում են ճարպային բջջանքը և երակային ցանցը (plexus venosi vertebralis interni), որի մեջ է թափվում ողնուղեղից և ողներից եկող երակային արյունը։

  • Ողնուղեղի ոստայնենին (arachnoidea spinalis) ունի բարակ թափանցիկ անանոթ

թերթի ձև, ներսից հպված է կարծրենուն և բաժանվում է նրանից միայն մի ճեղքով՝ ենթակարծրենային ծոցով (cavum subdurale)։ Այս պատյանի արտաքին ու ներքին երեսները նույնպես ծածկված են էնդոթելերով։ Ոստայնենու և ողնուղեղի միջև գտնվում է լայն ենթաոստայնային տարածությունը (cavum subarachoideale), որի մեջ ողնուղեղը և նյարդարմատները ազատ են և շրջապատված են մեծ քանակությամբ ուղեղ – ողնուղեղային հեղուկով։

  • Ողնուղեղի անոթապատյանի (pia mater spinalis) մակերեսը ծածկված է էնդոթելով և բաղկացած է արտաքին ու ներքին շերտերից, որոնց արանքով անցնում են անոթները. այն շրջապատում է ողնուղեղը և անոթների հետ միասին խրվում է ուղեղի նյութի մեջ՝ անոթների շուրջը ավշային բունոցներ առաջացնելով։ Դեպի գլուխը պատյանը պատվում է վերջնային թելիկով և վերջում ձուլվում է նրա հետ։ Բացի բազմաթիվ անոթներից, նրբենին հարուստ է նաև նյարդերով, որոնց թելերը դուրս են գալիս գլխավորապես սիմպաթիկ ցողունից՝ ողնուղեղային նյարդերի ճյուղերի հետ միասին։

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնուղեղն իրականացնում է երկու գործառույթ՝ ռեֆլեքսային և հաղորդող։ Ողնուղեղը՝ որպես ռեֆլեքսային աղեղի կենտրոնական մաս, մասնակցում է շարժողական և վեգետատիվ ռեֆլեքսներին։ Այն կարգավորում է իրանի վերջույթների շարշումներյը, ինչպես նաև ներքին օրգանների՝ սրտի, թոքերի, երիկամների և այլնի գործառույթը։ Ողնուղեղի յուրաքանչյուր հատված նյարդավորում է մաշկի որոշակի խումբ։ Ողնուղեղի պարանոցային և կրծքային հատվածում են գտնվում քրնարտադրության,ստոծանու շարշոժումների կարգավորման կենտրոնները, իսկ սրբանային հատվածում՝ միզարձակման կենտրոնները։ Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթի օրինակ է ծնկային ռեֆլեքսը։ Ողնուղեղի հաղորդող գործառույթն իրականացվում է սպիտակ նյութի հաղորդող ուղիներով։ Վերընթաց ուղիով դեպի գլխուղեղ գնացող գրգիռները տեղեկատվություն են հաղորդում միջավայրի տարաբնույփ ազդակների մասին։ Վաընթաց ուղիով անցնող նյարդային ազդակը գլխուղեղի տարբեր բաժիններից հրահանգներ է հասցնում համապատասխան աշխատանք իրականացնող օրգաններին[3]։

Լրացուցիչ նկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. Terminologia Anatomica (լատ.) — 1998.
  3. Կ․Թ․ Սահակյան, Մարդու անատոմիա, 2013․ Ա․ Վ․ Ազնաուրյան, Է․ Լ․ Թումանյան․ Մ․ Զ․ Բաշխինյան, մարդու անատոմիա, Երևան 2013։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
  2. Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով