Jump to content

Մալվա Լանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալվա Լանդա
ռուս.՝ Ма́льва Ла́нда
Ծնվել էօգոստոսի 4, 1918(1918-08-04)
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն
Մահացել էհուլիսի 3, 2019(2019-07-03) (100 տարեկան)
Մահվան վայրՀայֆա, Հայֆայի մարզ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան և երկրաբան
Պարգևներ և
մրցանակներ
Վիտիսի խաչ շքանշանի ասպետ

Մալվա Նոևնա Լանդա (ռուս.՝ Ма́льва Но́евна Ла́нда, օգոստոսի 4, 1918(1918-08-04), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ուկրաինական պետություն - հուլիսի 3, 2019(2019-07-03), Հայֆա, Հայֆայի մարզ[1]), խորհրդային գիտնական, երկրաբան, այլադավան և հակապատերազմական ակտիվիստ, գրող, մի շարք հոդվածների հեղինակ։ ԽՍՀՄ-ում իրավապաշտպանական շարժման մասնակից, հիմնադրման օրվանից, 1976 թվականից` Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալվա Լանդան ծնվել է Օդեսայում, բարձրագույն դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Հայրը` անասնաբույժ Նոյ Վիկտորովիչ Լանդան (1887-1938) եղել է Մոսկվայի անասնաբուժական ինստիտուտի դոցենտ, 1926 թվականից՝ Սարատովի անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտի պաթոլոգիական անատոմիայի ամբիոնի վարիչ, ձերբակալվել է 1932 թվականի աշնանը և բանտարկվել Ստալինգրադի բանտում, վերապրել խոշտանգումները, գնդակահարվել է 1938 թվականին[2]։

Մալվան ավարտել է Սարատովի միջնակարգ դպրոցը, 1940-1945 թվականներին սովորել է Մոսկվայի Սերգո Օրջոնիկիձեի անվան երկրաբանական հետախուզության ինստիտուտում (այժմ՝ Ռուսաստանի պետական երկրաբանական հետախուզական համալսարան)։ Ստանալով երկրաբանի մասնագիտություն` 1950-ական թվականներից աշխատել է որպես ՄԵՀԻ-ի Կարաթաուի երկրաբանական հետազոտությունների արշավախմբի ղեկավար։

Իրավապաշտպանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1980 թվականներին Մալվա Լանդան մեծ թվով հոդվածներ է գրել քաղբանտարկյալների մասին «Ընթացիկ իրադարձությունների ժամանակագրության» թողարկումների համար։ Եղել է ԽՍՀՄ-ում Հելսինկյան համաձայնագրերի իրականացմանն օժանդակելու մոսկովյան խմբի առաջին կազմի անդամ (1976 թվականից), որին միանալուց հետո հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` խորհրդային սոցիալիստական համակարգի պայմաններում մարդու իրավունքների հարգումը և համապատասխանաբար, Հելսինկյան համաձայնագրերի (մարդասիրական հոդվածների) դրույթների պահպանումն անհնար է, ուստի ընդգրկվել է խմբում ոչ թե «կատարմանն օժանդակելու», այլ ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների իրավիճակն էլ ավելի արդյունավետ բացահայտելու համար։ Որպես խմբի անդամ՝ հիմնականում զբաղվել է քաղբանտարկյալների խնդիրներով։ 1977 թվականի փետրվարին` Ալեքսանդր Գինզբուրգի ձերբակալության հաջորդ օրը, Մալվա Լանդան, Կրոնիդ Լյուբարսկու և Տատյանա Խոդորովիչի հետ միասին, նշանակվել է Սոլժենիցինի հիմնադրած քաղբանտարկյալների օժանդակության հիմնադրամի կառավարիչ[3]։ 1977 թվականին, իր սենյակում բռնկված հրդեհի պատճառով, նրան մեղադրանք է առաջադրվել «կրակի հետ անզգույշ վարվելու համար» և դատապարտվել է երկու տարի աքսորի և պարտադրվել փոխհատուցել հասցված վնասը. այդ գործընթացը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։

«1977 թվականի մայիսի կեսերին տեղի ունեցած դատավարության ընթացքում ես ինքս հանդես եկա որպես իմ փաստաբան։ Վկաները անհեթեթություն էին խոսում` օրինակ՝ փականագործը, որն արդեն կրակը մարելուց հետո անջատել էր իմ սենյակի ջեռուցման մարտկոցները, ցուցմունք տվեց, որ ես շատ օտար լեզուներով գրականություն ունեմ։ Իմ հարցին` ինչպե՞ս կարող էր նա դա տեսնել մթության մեջ, պատասխանեց. «քննիչ Իլիչևն ասաց»։ Ծիծաղ դահլիճում, ընդհանրապես, ծիծաղելի դրվագներ շատ կային»։
- Մալվա Լանդա

Աքսորը անցկացրել է Չիտայի մարզի Վերշինո Շախտամինսկի փոքրիկ ավանում։ Ութ ամիս անց համաներումով ազատ է արձակվել, բայց այլևս չի կարողացել վերադառնալ Մոսկվա, այլ բնակություն է հաստատել Վլադիմիրի մարզի Պետուշկի քաղաքում։

Ազատվելուց հետո սկսել է զբաղվել մարդու իրավունքների պաշտպանության գործով, մասնավորապես, փաստագրելով ԽՍՀՄ-ում կրոնական փոքրամասնությունների հետապնդումները։ 1979 թվականի գարնանը «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից մեկի ընթացքում ներկայացվել է Մալվա Լանդայի հոդվածը, որը 1977 թվականին Մոսկվայում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների լրագրողական հետաքննության արդյունքն էր։ Այդ հաղորդման ժամանակ Մալվա Լանդան պնդել է, որ հայ ազգայնականներ Զատիկյանին, Ստեփանյանին և Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքները շինծու են, դրանք մոգոնել է ՊԱԿ-ը[4]։ Նա հրաժարվել է խորհրդային իշխանությունների կողմից առաջարկած Իսրայել արտագաղթից։

1980 թվականի մարտի 7-ին ձերբակալվել և 26-ին դատապարտվել է հինգ տարվա աքսորի՝ ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 1901 հոդվածի համաձայն (Միտումնավոր կեղծ հերյուրանքների տարածում, որոնք վարկաբեկում են խորհրդային պետական և հասարակական կարգը)։ Պատիժը կրել է Ղազախստանի Ջեզկազգանի մարզի Ջեզդի ավանում։ Չնայած 1982 թվականին զանգվածային ձերբակալությունների կապակցությամբ հայտարարված Մոսկվայի Հելսինկյան խմբի լուծարմանը, նա իշխանություններին հայտնել է, որ շարունակում է իրեն համարել այդ խմբի անդամ։ 1984 թվականին Մալվա Լանդան վերադարձել է աքսորից և շարունակել մասնակցել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքական գործունեությանը` քննադատելով, մասնավորապես, Չեչնիայի պատերազմը։ 1995 թվականից ղեկավարել է «Իրավապաշտպան» ամսագրի խորագրերից մեկը[5]։ 2010 թվականի մարտին ստորագրել է ռուսական ընդդիմության «Պուտինը պետք է հեռանա» կոչը։

2015 թվականին տեղափոխվել է Իսրայել, որդու հետ բնակվել Հայֆայում[6]։

  • Վիտիսի խաչ շքանշանի ասպետ (Լիտվա, 2003, հունվարի 8)[7]։
  • Ամուսին` Ալեքսեյ Իվանովիչ Գերմանով, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ամուսնալուծվել են, երբ որդին փոքր էր։
  • Որդի` Ալեքսեյ Ալեքսեևիչ Գերմանով (ծնվ.` 1941 թվականի մարտի 8-ին), լեռնային դահուկավազքի և սնոուբորդի մարզիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Умерла ветеран советской и российской правозащиты Мальва Ланда // Радио «Свобода», 4.07.2019.
  2. Воспоминания о Гулаге
  3. «Хроника текущих событий. Выпуск 44 от 16 марта 1977 г.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. Из воспоминаний Мальвы Ланды Արխիվացված 2007-08-17 Wayback Machine // Сайт МХГ (Московская Хельсинкская группа)
  5. геолог, публицист, правозащитник.
  6. 97-year-old is oldest person to make aliyah this year // Ynetnews, 30.12.2015.(անգլ.)
  7. Декрет Президента Литовской Республики от 8 января 2003 года № 2007 Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine(լիտվ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]