Ծայրամասային նյարդային համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծայրամասային նյարդային համակարգ, նյարդային համակարգի պայմանականորեն բաժանված մաս, որը գտնվում է գլխուղեղի և ողնուղեղի (ԿՆՀ) սահմաններից դուրս[1]։ Այն ձևավորվում է գանգուղեղային և ողնուղեղային նյարդերից, ինչպես նաև վեգետատիվ նյարդային համակարգի նյարդերից և նյարդային հյուսակներից՝ կապ հաստատելով կենտրոնական նյարդային համակարգի և օրգանների ու հյուսվածքների միջև։ Ի տարբերույուն ԿՆՀ-ի, ծայրամասային նյարդայի համակարգը պաշտպանված չէ ոսկրային կմախքով, ինչն էլ բարձրացնում է մեխանիկական վնասվածքների հավանականությունը։ Բացի այդ, այն մեկուսացված չէ արյուն-ուղեղային պատնեշով (ԱՈւՊ կամ ՀԷՊ՝ հեմատոէնցեֆալիկ պատնեշ), ուստի և ավելի հասանելի է տոքսինների համար։ Ծայրամասային նյարդային համակարգն իր հեդին ստորաբաժանվում է սոմատիկ (մարմնական) և վեգետատիվ նյարդային համակարգի։ Մի շարք գիտնականներ առանձնացնում են նաև զգայական նյարդային համակարգը, որպես ԾՆՀ-ի առանձին ենթամիավոր։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանրապես ծայրամասային նյարդային համակարգում տարբերում են երկու ֆունկցիոնալ բաժիններ՝ զգայական կամ աֆերենտ և շարժիչ կամ էֆերենտ ուղիներ։ Աֆերենտ ուղղու առաջին նեյրոնները միջողնային հանգույցների կամ ուղղեաբնի տարբեր հատվածներում տեղակայված կորիզների (մենավոր ուղղու կորիզ - nucleus tractus solitarius և այլն) երկբևեռ նեյրոններ են, որոնք էլ օրգանզմի տարբեր մասերում տեղակայված ընդհանուր ընկալիչներից և հատուկ զգայարաններից ընկալված արտաքին և ներքին միջավայրի տարաբնույթ ազդակները հաղորդում են դեպի ԿՆՀ, և կամ ձևավորում ռեֆլեկտոր աղեղի առաջին, զգացող մասը։ Էֆերենտ ուղղու վերջին նեյրոնները տեղակայված են ողնուղեղի առաջային եղջյուրների կորիզներում և ուղեղաբնի շարժիչ կորիզներում (երկվորյակ կորիզ - nucleus ambiguus) և ԿՆՀ-ից եկած գրգիռները հաղորդում են ներքին օրգանների հարթ և կմախքային միջաձիգ զոլավոր մկաններին, ինչպես նաև ձևավորում ռեֆլեկտոր աղեղի վերջնական բաժինը։
Գործառույթային (ֆունկցիոնալ) և ձևաբանական (մորֆոլոգիական) դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորֆոֆունկցիոնալ և կառուցվածքային տեսանկյունից ԾՆՀ-ն բաժանվում է Սոմատիկ և Վեգետատիվ նյարդային համակարգերի։ Վերջինս երբեմն անվանում են նաև ընդերային, իսկ ավելի հաճախ Ինքանավար նյարդային համակարգ։ Սոմատիկ նյարդային համակարգը նյարդավորում է գլխավորապես կմախքային մկանները, նեյրո-նեյրոնալ սինապսները գտնվում են ԿՆՀ սահմաններում, նյարդային վերջույթները միելինապատ են, հիմնական նյարդագրգռափոխանցիչը (նեյրոմեդիատոր)՝ ացետիլխոլինը։ Հսկվելով գիտակցության կողմից՝ այն կարգավորում է մի շարք ֆունկցիաներ, ինչպիսիք են կեցվածքի պահպանումը, շարժողական ֆունկցիաները, շնչառական շարժումները և այլն։ Ինքնավար նյարդային համակարգը գործում է առավելապես ավտոնոմ կերպով։ Վերջինս իհարկե հարաբերական է, քանզի ԿՆՀ-ն և բարձրագույն նյարդային կենտրոններն ունեն իրենց կարգավորող ազդեցություն ՎՆՀ-ի վրա, այդուհանդերձ վերջինիս ակտիվությունն անմիջապես չի կառավարվում գիտակցության կողմից։ Վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունն ուղղված է պահպանելու օրգանիզմի հոմեոստազը, իսկ վերջինիս շեղման դեպքում պահպաել օրգանիզմի նորմալ կենագործունեությունը և կայունությունը նոր պայմաններում, ապահովել հարմարողականությունը և, ի վերջո, վերադարձնել շեղված հոմեոստազը։ ՎՆՀ էֆերենտ ուղին, ի տարբերություն սոմատիկի, ունի ԿՆՀ սահմաներից դուրս տեղակայված սինապսներ, այսպիսով ձևավորելով ծայրամասային վեգետատիվ հանգույցները և նյարդային հյուսակները։ Նախահանգույցային նյարդաթելերը միելինապատ են, իսկ հետհանգույցային նյարդաթելերը միելինազուրկ և նյարդավորում են առավելապես ներքին օրգանները, որտեղից էլ ծագում է վերոնշյալ Ընդերային նյարդային համակարգ անվանումը։ ՎՆՀ հիմնական գրգռափոխանցիչներն են Նորադրենալինը, որոշակիորեն նաև Ադրենալինը, ինչպես նաև ացետիլխոլինը, իսկ որոշ դեպքերում նաև սերոտոնինը, հիստամինը և այլն։
Վեգետատիվ նյարդային համակարգն իր հերթին ստորաբաժանվում է Սիմպաթիկ կամ Ադրեներգիկ, պարասիմպաթիկ կամ Խոլիներգիկ և Մետասիմպաթիկ կամ Աղիքային (Էնտերալ) բաժինների։ Սիմպաթիկ նյարդային համակարգն ակտիվանում է առավելապես սթրեսային և էմոցիոնալ երանգավորման իրավիճակներում՝ պայմանավորելով հարմարողական ռեակցիաների դրսևորումը կոչված ապահովելու օրգանիզմի կայունություն ու կենսագործունեությունը նոր պայմաններում։ Այսպես, սթրեսի ժամանակ ակտիվացած Սիմպաթո-Ադրենալային և Հիպոթալամո-Հիպոֆիզար-Մակերիկամային առանցնքերի ազդեցությամբ մեծանում է արյան մեջ մակերիկամային ադրենալինի և այլ սթրես հորմոնների (ադենոկորտիկոտրոպ հորմոն՝ ԱԿՏՀ, գլյուկոկորտիկոիդներ, գլյուկագոն և այլն) կոնցենտրացիան և բերում բազմապիսի ֆիզիոլոգիական փոփոխությունների, ինչպիսիք են անոթազարկի (պուլսի) հաճախացումը, զարկերակային ճնշման բարձրացումը, թոքերի օդահարության (վինտիլյացիաի) մեծացումը, անոթների կծկումը (անոթասպազմ) և շրջանառող արյան վերաբաշխումը։ Պարասիմպաթիկ նյարդային համակարգը, ընդհակառակը, ակտիվանում է օրգանիզմի հանգստի պայմաններում ՝ մակածելով ֆիզիոլոգիական պրոցեսներ, ինչպիսիք են բբի նեղացումը, արյունատար անոթների լայնացումը (վազոդիլատացիա), անոթազարկի և սրտի կծկման հաճախականության նվազումը, ինչպես նաև աղեստամոքսային (մարսողական) և միզասեռական համակարգերի գործունեության խթանումը։ Ըստ էության յուրաքանչյուր օրգան ստանում է միաժամանակ և սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդավորում, որոնք էլ հիմնականում դրսևորում են հակոտնյա (անտագոնիստական) ազդեցություն։ Որպես բացառություն կարելի է նշել թքագեղձերը, որոնք երկու համակարգերի ազդեցությամբ էլ դրսևորում են թքարտադրության ակտիվացում։ Սակայն պարասիմպաթիկ դրդման դեպքում դրսևորվում է առավելապես սպիտակուցներով հարուստ, իսկ սիմպաթիկի դեպքում՝ ավելի ջրիկ թքի արտադրություն։ Բացի այդ որոշ օրգաններ ստանում են գերազանցապես այս կամ այն համակարգի նյարդային վերջույթներ։ Այսպես, արյունատար անոթների մեծամասնությունը, փայծաղը, քրտնագեղձերը և մազապարկերը նյարդավորվում են բացառապես Սիմպաթիկ, իսկ թարթչային մկանը, ստամոքսի գեղձային համակարգը, ենթաստամոքսագեղձը գերազանցապես պարասիմպաթիկ նյարդային համակարգերով։ Աղիքային նյարդային համակարգը ներկայացած է մարսողական օրգանների ներպատային Աուէրբախյան և Մեյսներյան հյուսակների նախահանգուցային և հետհանգուցային նյարդաթելերից և կոխված է կարգավորելու մարսողության բոլոր գործառույթները, սկսած կերակրափողից ընդհուպ մինչև ուղիղ աղիք։
Կառուցվածքային միավորները
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսպիսով, մարդու նյարդային համակարգը տարաբաժանվում է Կենտրոնական և Ծայրամասային նյարդային համակարգերի, որն էլ բաղկացած ԿՆՀ սահմաններից դուրս եկող նյարդային ցողուններից՝ գանգուղեղային, պարանոցային, կրծքային, գոտկային և սրբանային բաժինների ողնուղեղային նյարդերից և դրանցով ձևավորվող հանգույցներից ու հյուսակներից, հետհանգույցային նյարդաթելերից։
Գանգուղեղային նյարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարանոցային բաժնի ողնուղեղային նյարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքային բաժնի ողնուղեղային նյարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոտկասրբանային բաժնի ողնուղեղային նյարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազկային հյուսակ (բազկահյուսակ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տե՛ս Բազկային հյուսակ (բազկահյուսակ)
Գոտկային հյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդրային հյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alberts, Daniel (2012). Dorland's illustrated medical dictionary (32nd ed.). Philadelphia, PA: Saunders/Elsevier. էջ 1862. ISBN 9781416062578.