Վաղենակ (լատին․՝ Calendula), նարգիզ, կալենդուլա, աստղածաղկազգիներ ( բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերիցեղ: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ պարսկական (լատին․՝ calendula persica): Հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ, Շվանիձոր, Նռնաձորգետի մերձակայքում, Ծավ գետի ափին): Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մշակության մեջ բոլոր մարզերում տարածված է վաղենակ դեղատուն (լատին․՝ calendula officinallis): Լավ աճում է բոլոր տիպի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է: Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5(10)20(30) սմ: Տերևները հերթադիր են, երկարավուն հակադիր ձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև, թավոտ: Ծաղկաբույլը զամբյուղ է, մեկական, երկար ծաղկակիրների վրա: Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ: Ծաղկում է հուլիս-նոյեմբերին: Պտուղը տարբեր չափերի, աղեղնաձև ծռված սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո և մակրոտարրեր և այլն: Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում: Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ: Գեղազարդիչ է: